Մատչելիության հղումներ

Ջիվանին, դրամի արժեզրկումը և «չկայացած սուրհանդակը» ԱԺ հայտարարությունների ժամին


Դրամի արժեզրկումը, «քաղաքական սուրհանդակները» եւ Ջիվանին՝ ԱԺ հայտարարությունների ժամին
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների ելույթների մեծամասնությունը դրամի արժեզրկման և ԵՏՄ-ի պայմանագրի մասին էին։

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հանրապետական Տաճատ Վարդապետյանը Ջիվանուն մեջբերեց։

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չզգալով, սպիտակ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևի,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։

Քառատողը հաջորդեց պատգամավորի՝ գուսանին կարդալու հորդորին, արտասանելուց հետո նույն ոճով շարունակվեց ելույթը, ժամանակն ավարտվեց, բայց Վարդապետյան չլռեց, ելույթը դահլիճից շարունակեց։

Սա այսօրվա թերևս ամենամեղմ ելույթն էր։ Պատգամավորների հայտարարությունների մեծ մասը վերաբերում էր դրամի արժեզրկմանը և դրա հետևանքներին։ Զարուհի Փոստանջյանը կանխատեսեց, որ ստեղծված իրավիճակը ճգնաժամի է հանգեցնելու, քաղաքական գործընթացներում փոփոխություններ կլինեն։ Պատգամավորն ասաց՝ պետք է գործողությունների օրակարգ ձևավորել։

«Ապրանքների գների աճը և, իհարկե, ձեր աղքատացումը բերելու են հսկայական ծավալի քաղաքական պրոցեսների և ճգնաժամի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ դրամի թռիչքային արժեզրկումը կառավարության կողմից կանխատեսված չէր, դրա հետևանքով համատարած թանկացումներ կլինեն, որոնք հասարակ քաղաքացիները կզգան նոր տարվա առաջին իսկ օրերից։ Իրավիճակի ելքը, ըստ Զուրաբյանի, գործող իշխանությունների հեռացումն է։

«ՀԱԿ-ը բազմիցս խոսել է իշխող ռեժիմի արատավոր դրամավարկային քաղաքականության մասին, որի հիմքն է կազմում դրամի արհեստական արժեվորումը։ Նման քաղաքականությունը խեղդում է արտահանումը, արդյունաբերության զարգացումը և մրցակցությունը։ Այն շահավետ է միայն լայն սպառման ապրանքների ներկրումով զբաղվող և ապօրինի մենաշնորհների տիրացած պաշտոնյա օլիգարխների համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Զուրաբյանը։

Զուրաբյանի ելույթից անմիջապես հետ ամբիոնին մոտեցավ հանրապետական Կարեն Ավագյանը.- «Տո այ քաղաքական չկայացած սուրհանդակ, դու ի՞նչ վերլուծություն անող ես, որ եկել ես ստեղ, ֆինանսական վերլուծություն ես անում»,- ասաց նա։

Դահլիճից հնչող հայտարարություններին Ավագյանի ելույթից հետո անդրադարձավ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե քար է նետվում, պետք է քար նետողը պատրաստ լինի ստանալ քարը։ Դրա համար պետք է առաջինը կոռեկտությունը չխախտել»,- խրատեց նա։

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը նույնպես խոսեց դրամի տատանումներից և կառավարությանը կոչ արեցանհապաղ արձագանքել, չշրջանցեց նաև Կարեն Ավագյանի ելույթը։

«Ցույց տանք, որ մենք կարող ենք հակադարձել, դրանով որևէ բան դուրս չի գա։ Հասարակ քաղաքացին մտածում է ոնց անի, որ չաղքատանա։ Ինչո՞վ ենք մենք այստեղ զբաղված»,- ասաց Մելքումյանը։

Պատգամավորները այսօր չշրջանցեցին նաև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը։ Հանրապետականից Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Հայաստանը հավակնում է Եվրոպական և Եվրասիական միությունների միջև կամուրջ դառնալ, իսկ սեպտեմբերի 3-ը դրական առումով ճակատագրական էր Հայաստանի համար։ Պատգամավորը չզլացավ գովազդել նաև այս թեմայով իր հեղինակած գիրքը։

««Ռեգնում» տեղեկատվական գործակալությունը տպագրեց իմ հոդվածը հետևյալ վերտառությամբ՝ «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»։ Եվ հուշեցին, հորդորեցին, այնուհետև առանձին գրքով յոթ լեզուներով դուրս եկավ այս հոդվածը»,- ասաց պատգամավորը։

Էդուարդ Շարմազանովը նույնպես պաշտպանեց ԵՏՄ-ին միանալու որոշումը։ Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլի՝ դրական լինելը ապացուցեց նաև ԱԺ խմբակցությունների արձագանքը.- «Խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում՝ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ»։

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ պատգամավորներին հիշեցրեց, որ պատմական ժամանակաշրջանում են ապրում.- «Քննարկում ենք մի պայմանագիր, որը, ըստ էության, Հայաստանը տանում է դեպի անկման, նորից բռնակցման, ինչ-որ մի միավորի, որի ապագան նույնպես մշուշոտ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG