Մատչելիության հղումներ

Մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքից հետո ՍԱՊԾ-ն ստուգումներ է սկսել


Մանկապարտեզի ճաշացանկում՝ արգելված նրբերշիկ
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Եղվարդի մանկապարտեզի ճաշացանկում նախարարության որոշմամբ արգելված նրբերշիկ է եղել:

Եղվարդի մանկապարտեզում 60-ից ավելի երեխաների թունավորման պատճառը դեռ շարունակում է անհայտ մնալ։ Մի բան, սակայն, հստակ է․ երեխաների ճաշացանկում առողջապահության նախարարի որոշմամբ արգելված սննդատեսակ՝ նրբերշիկ է եղել։

Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) այսօր երեկոյան տարածած պաշտոնական հաղորդագրությունը հաստատում է, որ մանկապարտեզում երեխաներին նրբերշիկ է տրվել, սակայն արգելված սննդատեսակը լաբորատոր փորձաքննության չեն ենթարկել, քանի որ ծառայության աշխատակիցներն իրենց այցի ժամանակ նրբերշիկի հետքեր չեն հայտնաբերել։

«Քանի որ հաջորդ օրն է ամեն ինչ բացահայտվել ու գնացել են մասնագետները, տեղում նրբերշիկ չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:

Նրբերշիկ չեն տեսել, բայց մատակարարներին և արտադրող ընկերություններին անուն առ անուն գրանցել են։ Պարզվել է, որ մատակարարների նույն սննդից օգտվում են նաև Երևանի մի շարք այլ մանկապարտեզներ։ Բոլոր ընկերություններին հանձնարարել են՝մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարել։ Ծառայության պետի հանձնարարականով ուսումնասիրություն է իրականացվում նաև նրբերշիկ արտադրող ընկերությունում։

«Որովհետև այլընտրանք չի եղել, ու բնականաբար ստուգում է հիմա իրականացվում, առաջին օրը կերել են ու վերջացել է նրբերշիկը», - ասաց ծառայության խոսնակը։

Տեղում մատակարարված նրբերշիկի փոխարեն արտադրամասում ուսումնասիրություն կատարելը մասնագետները համարում են ուշացած և անիմաստ։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի խոսքով՝ նմանօրինակ ուսումնասիրությունները երբեք էլ իրականությունը ջրի երես դուրս չեն բերում։ Հետևանքի փոխարեն Բախշյանն առաջարկում է գնալ պատճառի հետքերով և պատժել մեղավորներին։

«Փաստ է, որ նախորդ օրը էդ երեխաները կերել են նրբերշիկ: ՍԱ արդեն խախտում է, արդեն՝ իմանալով՝ վտանգել են երեխաների առողջությունը: Հետևաբար, այդ փաստը բավական է, որպեսզի մանկապարտեզի տնօրեն, բժիշկ և այլն իրենք պատասխանատվության ենթարկվեն: Չի կարելի, չի թույլատրվում», - ընդգծեց Անահիտ Բախշյանը:

Բախշյանն նշում է, որ ժամանակին գոյություն ունեին սանէպիդկայաններ, որոնք իրավունք ունեին մտնել ցանկացած հաստատություն և ստուգումներ իրականացնել։ Բախշյանը հիշում է, որ ժամանակին դրանք նախակրթական հաստատությունների համար իրական ահ ու սարսափ էին։ Այսօր այդ իրավունքը թեև նույնպես կա, սակայն սանէպիդկայաններ գրեթե չկան։ Վերահսկողություն իրականացնող Սննդի անվտանգության պետական ծառայության գործառույթներն, ըստ Բախշյանի, ամենևին էլ բավարար չեն։

«Մատակարարների մոտ սննդի անվտանգության վերահսկողությունը կարող է տարին մեկ լավագույն դեպքում իրականացվել, այն էլ, շատ լավ իմանալով մեր իրականությունը, թե որ ընկերությունը ում է պատկանում դրան համապատասխան էլ իրականցվում է այդ անվտանգության ստուգումը», - նշեց Բախշյանը:

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ հիվանդանոցներում դեռ շարունակում է բուժում ստանալ 15 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, նկատվում է նաև դրական տեղաշարժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG