Մատչելիության հղումներ

Ալիևը Հայաստանին մեղադրել է «խաղաղություն չուզելու» մեջ


«Ռոսիա-24» հեռուստակայանին իր նստավայրում տված բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է միջազգային հրատապ հարցերին, ռուս-ադրբեջանական հարաբերություններին, և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը։

«Ինչ վերաբերվում է ղարաբաղյան կոնֆլիկտին, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում, այս հարցում առաջընթացի չի ձգտում և փորձում է պահպանել ստատուս-քվոն։ Սա անընդունելի մոտեցում է, ինչի մասին Հայաստանին բազմիցս է հաղորդվել»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ինչպես միշտ, նա հիշեցրել, որ այսօրվա դրությամբ կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձև, որոնք պահանջում են Հայաստանից անհապաղ դուրս հանել զորքը Լեռնային Ղարաբաղից, սակայն այդ բանաձևերը Հայաստանի կողմից անտեսվում են։

Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ այս տարին բանակցային գործընթացի առումով բավական ակտիվ էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տարբեր հավաքներ են կազմակերպել, մեկ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մեկ անգամ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին է հանդիպում անցկացրել և, վերջապես, բանակցությունների մեկ փուլ էլ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։

Եվ ահա Փարիզի միջնորդությամբ տեղի ունեցած քննարկումներից երկու շաբաթ անց Հայաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել։

«Ընդ որում, ոչ թե Հայաստանի, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի [Ալիևի ձևակերպումն է], այլ Ադրբեջանի գրավված տարածքում` Աղդամի շրջանում։ Արդյոք կա՞ր փարիզյան բավական դրական հանդիպումից հետո այդ զորավարժություններն անցկացնելու, այդօրինակ սադրիչ գործողության դիմելու անհրաժեշտություն»,- հռետորական հարց է տվել Ալիևը «Ռոսիա-24»-ի թղթակցի հետ զրույցում։

Նշենք, որ Ալիևը հայկական խփված ուղղաթիռին և դրան հաջորդած հայկական ուժերի պատասխան գործողության մասին չի խոսել։

Ալիևը պնդել է, որ հարցի լուծումը պետք է ենթադրի հայկական ուժերի դուրս բերում Ադրբեջանի տարածքից, այլ որոշում Ադրբեջանը չի ընդունի։

Շատ ուշագրավ է միջազգային կառույցների ներկայիս վիճակը գնահատելու համատեքստում Ալիևի արտահայտած մի գաղափար, որը, եթե հաշվի առնել Ղրիմը բռնակցելու գործոնը, կարելի է համարել նաև Ռուսաստանի հասցեին անուղղակի արված ակնարկ։

«Աշխարհում հիմա միջազգային հաստատությունների ձևախախտում է, ինչը շատ մտահոգիչ և վտանգավոր միտում է։ Միջազգային համագործակցության մեխանիզմի ավերումը կարող է հանգեցնել համատարած քաոսի։ Կարծում եմ, այս պատմական ժամանակահատվածում պատասխանատվությունն ընկնում է առաջատար պետությունների վրա, առաջին հերթին դրանք չպետք է խախտեն միջազգային իրավունքը, դրանք են պարտավոր պահպանել միջազգային իրավունքը, այն աշխարհակարգը, որը հաստատվել է Երկրորդ աշխարհամարտից հետո»,- ասել է Ալիևը։

Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Ալիևն ասել է, որ քաղաքական երկխոսությունն անընդհատ է շարունակվում։

«Հարաբերությունները շատ դինամիկ են, ընդգրկում են բոլոր բնագավառները, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկու հարևան և բարեկամ պետություններ են, ակտիվորեն զարգանում են և պատրաստ են դիմագրավել այսօր աշխարհում առկա բոլոր մարտահրավերները»,- ասել է Ալիևը։

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են էներգետիկայի բնագավառում։ Աճում է Ադրբեջան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը, հաջողությամբ է ընթանում համագործակցությունը մշակույթի ասպարեզում։ Ադրբեջանում ռուսական համայնքն ամենամեծն է Հարավային Կովկասում` ավելի քան 120 հազար մարդ։

Զրուցելով «Ռոսիա-24»-ի թղթակցի հետ, Ալիևն ասել է, որ իր երկիրը պատրաստվում է անցկացնել 2015 թվականի Եվրոպական խաղերը։

«Ես ներկա եմ եղել Սոչիի Ձմեռային օլիմպիադայի բացմանը, շատ տպավորիչ ներկայացում էր, որը ցույց տվեց Ռուսաստանի ուժը, արդիականությունը, զարգացումը։ Ուրախ էինք Ռուսաստանի այդ նվաճումների և հաղթանակների համար։ Հիմա մենք պատրաստվում ենք Եվրոպական խաղերին, դրանք մինչ այդ երբեք չեն անցկացվել։ Այնպես որ չափանիշը մենք ենք սահմանելու, Ադրբեջանից է կախված այդ խաղերի ապագան, ես համոզված եմ, որ դրանք ունեն ապագա»,- ասել է Ալիևը և ավելացրել, որ Ադրբեջանում ավանդական հյուրասիրությամբ կընդունեն 2015 թվականի Եվրոպական խաղերը տեսնելու համար ժամանած ռուսաստանցիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG