Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նվազեցնում է Թուրքիա մատակարարվող գազի գինը


«Եվրամիության և Ռուսաստանի էներգետիկ հակամարտության արդյունքում շահեկան դիրքում հայտնվեց Թուրքիան», - գրում է The New York Times-ը:

Ռուսաստանը նվազեցնում է Թուրքիա մատակարարվող գազի գինը և պատրաստվում է մեծացնել մատակարարման ծավալները: Սա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա մեկօրյա պետական այցի գլխավոր արդյունքը:

«Մենք Թուրքիայի` որպես մեր ռազմավարական գործընկերոջ համար պատրաստ ենք նվազեցնել գազի գինը: Առաջին քայլն այդ ուղղությամբ կլինի սակագնի նվազեցումը 6 տոկոսով` սկսած հունվարի 1-ից: Չի բացառվում, որ հետագայում նույնքան էլ նվազեցնենք, կամ գուցե` ավելի շատ», - հայտարարում էր Պուտինը` չբացառելով, որ դրա դիմաց «Գազպրոմ»-ը Թուրքիայից կարող է պահանջել երկրի գազաբաշխիչ ցանցի մի մասը:

«Գերմանիայում, օրինակ, մենք այնպես ենք կառուցել մեր հարաբերությունները գործընկերների հետ, որ «Գազպրոմ»-ը մուտք է գործել տեղի բաշխիչ ցանցեր: Որպես հետևանք՝ Գերմանիայում գազի սակագինն ավելի ցածր է, քան եվրոպական այլ երկրներում: Համոզված եմ, որ Թուրքիայում ևս կհասնենք համագործակցության նման մակարդակի», - ասաց Ռուսաստանի նախագահը:

Երեկ կայացած թուրք - ռուսական բանակցությունների ավարտին նաև պարզ դարձավ, որ չնայած Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներին, խորացող տնտեսական ճգնաժամին, նավթի գնի և ազգային արժույթի չդադարող անկմանը, միևնույն է, Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել թուրքական «Աքկույու» ատոմակայանի շինարարության գաղափարից:

«Սա եզակի նախագիծ է նախևառաջ այն պատճառով, որ առաջին անգամ գործելու է «վճարիր-սեփականացրու-շահագործիր» բանաձևը: Այսինքն՝ շինարարությունից հետո էլ ռուսական ընկերությունն է հանդիսանալու ատոմակայանի սեփականատերը: Խոսքը, իհարկե, ներդրումների պատկառելի չափի մասին է` մոտ 20 միլիարդ դոլար: Ռուսաստանը, սակայն, այս ծրագրից չի հրաժարվի», - նշում էր Պուտինը:

Փոխարենը, հենց երեկ Անկարայում հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվելու է մեկ այլ, ոչ պակաս հավակնոտ էներգետիկ ծրագրի իրագործումից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս մենք Բուլղարիայից թույլտվություն չենք ստացել, կարծում եմ, որ Ռուսաստանն այլևս չի կարող շարունակել այս նախագծի իրագործումը», - ասաց նա:

Հիշեցնենք՝ «Հարավային հոսք» գազատարը Ուկրաինան շրջանցող խոշորագույն խողովակաշարը պետք է դառնար, որը Սև ծովի թուրքական հատվածով անցնելու էր սկզբում Բուլղարիա, ապա՝ Բալկաններով մինչև Ւտալիա: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այս նախագծի վրա արդեն իսկ հսկայական միջոցներ է ծախսել` մոտ 5 միլիարդ դոլար:

Պուտինի խոսքով՝ պաշտոնական Սոֆիայի պահվածքի իրական պաճառը Եվրամիության որդեգրած դիրքորոշումն է: Բրյուսելի խիստ բացասական դիրքորոշումը «Հարավային հոսք»-ի նկատմամբ համընկավ Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետ:

«Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում Եվրոպայի տնտեսական շահերին և վնասում է մեր համագործակցությունը: Բայդ դա մեր եվրոպացի գործընկերների ընտրությունն է: Ի վերջո, գնորդը հենց իրենք են: Նման իրավիճակում մենք մեր գազը կմատակարարենք այլ շուկաներ», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Այլ շուկաներ ասելով, ի դեպ, Պուտինը նկատի ուներ նախևառաջ Թուրքիան: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ պայմանավորվեցին «Հարավային հոսք»-ի փոխարեն Սև ծովի հատակով նոր գազատար կառուցել:

«Մենք պատրաստ ենք ևս մեկ խողովակաշար կառուցել, որը ոչ միայն կբավարարի թուրքական տնտեսության աճող կարիքները, այլև Թուրքիայի տարածքում` Հունաստանի հետ սահմանին, այսպես կոչված գազային hub` հանգույց կառուցել Հարավային Եվրոպայի սպառողների համար», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Արևմտյան մամուլն արդեն իսկ չի բացառում, որ նոր խողովակաշարի կառուցումից հետո Թուրքիայի դերակատարությունը եվրոպական գազային շուկայում կտրուկ կերպով կաճի: Նոր խողովակաշարի և գազային հանգույցի կառուցման դեպքում Թուրքիան կվերածվի ռուսական գազի վաճառքով զբաղվող խոշորագույն տարածաշրջանային միջնորդի:

«Եվրամիության և Ռուսաստանի էներգետիկ հակամարտության արդյունքում շահեկան դիրքում հայտնվեց Թուրքիան: Անկարան, մասնավորաբար, կարողացավ արտոնյալ գնով էներգակիրների երկարաժամկետ մատակարարումներ ապահովել», - գրում է The New York Times-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG