Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ընդվզում՝ ընդդեմ Չեխիայի նախագահի


Քաղաքացիական ընդվզում՝ ընդդեմ Չեխիայի նախագահի
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

Չեխիայի նախագահի հրաժարականի պահանջով երեկ երթ տեղի ունեցավ Պրահայի կենտրոնական Վացլավի հրապարակից նախագահի նստավայր: Չնայած անձրևային ու ցուրտ եղանակին, քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին՝ վանկարկումներով քննադատելով Միլոշ Զեմանին ռուսամետ քաղաքականության համար:

Ակցիայի մասնակիցները Զեմանի և Պուտինի նկարները կողք կողքի պարզած՝ կարմիրով գիծ էին քաշել այդ նկարների վրա և վանկարկում էին՝ «Ժողովրդի ամոթանքը»:

Զեմանի հրաժարականի պահանջով երեկվա բողոքի ակցիան տեղի ունեցավ Չեխիայի ավելի քան 100 հազար քաղաքացիների ստորագրությունների հետևանքով:

Սոցիալական ցանցերը հեղեղված են Զեմանին քննադատող հայտարարություններով և նրա գործունեությունը դատապարտող գնահատականներով: Այդ գնահատականները բարձրախոսով հնչեցին նաև նախագահի նստավայրի մոտ:

«Ազատության» հետ զրույցում բողոքի ակցիայի կազմակերպիչն ասաց, որ դժգոհ են ոչ միայն Կրեմլին և Պուտինին Միլոշ Զեմանի մատուցած ծառայություններից, այլև մի շարք այլ հարցերում ևս Զեմանի գործելաոճից:

Ցուցարարներից երեք հոգի մտան նախագահական, հանդիպեցին Զեմանի մամուլի խոսնակին, փոխանցեցին ավելի քան 100 հազար ստորագրությունները՝ Զեմանի հրաժարականի պահանջի համար, իսկ նախագահականից դուրս գալով՝ վերահաստատեցին իրենց պահանջները:

Ոստիկանների վարքագիծը

Ի դեպ, ուշագրավ է, որ երեկվա բողոքի ակցիային լուռ հետևում էին Չեխիայի ոստիկանության ծառայողները, պահպանում էին կարգուկանոն: Նրանք հունից դուրս չէին գալիս, անգամ երբ քաղաքացիները վանկարկում էին՝ Զեմանին հասցեագրելով «ռուսական ձեռնասուն» և նմանատիպ մի շարք այլ արտահայտություններ:

Ոստիկաններն այդպես էլ որևէ բանավեճի մեջ չմտան քաղաքացիների հետ: Ոչ մի ոստիկան չհորդորեց «չքայլել փողոցով» կամ, ասենք, «բարձրանալ մայթ»:

Ոստիկանների պահվածքը նույնն էր, երբ քաղաքացիները մոտեցան ընդհուպ նախագահականի մուտքի շեմին: Տարածքում ընդամենը մի քանի ոստիկան էր՝ նրանք լուռ էին, չէին միջամտում, չէին սպառնում ուժ գործադրել, մարդկանց հեռացնել նախագահականի տարածքից: Դիմակավորված որևէ ոստիկան չկար անգամ նախագահականի տարածքում: Նախագահականի մուտքի դռան ապակուց կարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում ներսում:

Միլոշ Զեմանը, ի դեպ, ակցիայի ժամանակ Պրահայում չէր, չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա մեկ այլ՝ Բռնո քաղաքում էր, որտեղ ևս նրան դիմավորել էին հրաժարականի պահանջով և ցույցով:

Երեկվա ցույցի մասնակիցները հույս էին հայտնում, որ եթե բողոքի ակցիաներն ակտիվանան, Զեմանը, ի վերջո, ստիպված կլինի հեռանալ նախագահի պաշտոնից, քանի որ նրա գործունեությունից դժգոհ են քաղաքացիները:

«Չգիտեմ՝ երբ, ինչպես, բայց նա կհեռանա, Ֆեյսբուքում այդ պահանջը կա, և հնարավոր է մարդկանց հավաքել», - ասում էին նրանք:

«Հուսով ենք՝ ավելի շատ մարդ կգա մեզ հետ պայքարելու», - հույս էին հայտնում երիտասարդ քաղաքացիները՝ ծրագրելով հաջորդ բողոքի ցույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG