Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցները Ալիևի հույսերը չեն արդարացնում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Բացառիկ հարցազրույց, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի սպառնում պատերազմով: Սակայն նա սովորականի պես մեղադրում է Հայաստանին ՄԱԿ-ի չորս բանաձևերն անտեսելու մեջ:

«Ռոսիա 24» ռուսաստանյան հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հիմնականում խոսել է ռուս - ադրբեջանական հարաբերություններից, Ադրբեջանի տնտեսությունից, Եվրոպական օլիմպիական խաղերից և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից:

Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է Ադրբեջանին հաջողվել մոտենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ալիևը արձագանքել է, թե, ցավոք, չի կարող խոսել բանակցային գործընթացի հաջողությունների մասին:

«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում, չի ուզում կարգավորել այդ հակամարտությունը, այլ ուզում է թողնել այնպես, ինչպես որ կա, այսինքն՝ պահպանել ստատուս քվոն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Այնինչ, շարունակել է Ալիևը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները մեկ անգամ չէ, որ հայտարարել են ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին: Իսկ ստատուս քվոյի փոփոխություն, ըստ նրա, նշանակում է «ազատել ադրբեջանական տարածքները», ինչը, Ադրբեջանի նախագահի պնդմամբ, հակամարտության կարգավորման գլխավոր նախապայմանն է:

Ալիևը կրկին անդրադարձել է ՄԱԿ-ի չորս բանաձևերին, որոնք, իր խոսքով, պարտադրում են անհապաղ դուրս բերել հայկական զորքերը, սակայն «Հայաստանը անտեսում է այդ ամենը, մինչդեռ այդ բանաձևերը պետք է ընկած լինեն հակամարտության կարգավորման հիմքում»:

Ալիևը նշել է նաև, որ ընթացիկ տարին տարբերվել է նախորդ տարիներից. ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները սկսել են ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին, ինչը, ըստ նրա, նախկինում երբեք չի եղել:

Իլհամ Ալիևը, միևնույն ժամանակ, դրական չի խոսել հակամարտությունների կարգավորման գործում միջազգային ինստիտուտների դերակատարության մասին՝ համոզմունք հայտնելով, թե ինքը միակը չէ, որ այդպես է մտածում:

«Այդ ինստիտուտնեըը մեր հույսերը չեն արդարացնում», - հայտարարել է Ալիևը՝ օրինակ բերելով ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը, որոնք, ըստ Ադրբեջանի ղեկավարի, իրենց պարտականությունները չեն կատարել, տվյալ դեպքում՝ ղարաբաղյան հակամարտությունը չեն կարգավորել:

XS
SM
MD
LG