Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի


Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Թուրքիա կատարած եռօրյա այցելության ծրագրում հայկական մաս չկար, բայց դեպի Իտալիա վերադարձի ճանապարհին՝ մինչ օդանավակայան մեկնելը, նա այցել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

2008 թվականից պատրիարքը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների մշտական խնամքի տակ: Վեց տարի առաջ նրա առողջական վիճակը խիստ վատթարացել էր, նա տառապում է տկարամտությամբ, հիշողության կորստով:

Հայոց պատրիարքին Հռոմի պապի այցելության մասին հաղորդել է Վատիկանի պաշտոնական ռադիոն:

«Ռադիո Վատիկան»-ը տեղեկացնում է, որ վերադարձի ճանապարհին՝ օդանավում, Հռոմի պապը անդրադարձել է նաև մի հարցի, որը զարմանալիորեն ուշադրության կենտրոնում չի գտնվել: Եկող տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեկ դար առաջ օսմանյան զորքերի կողմից 1.5 միլիոն հայեր սպանվեցին, մինչդեռ Թուրքիան հերքում է պատմական ողբերգությունը:

Հռոմի պապը ասել է, որ նախագահ Էրդողանը վերջերս հիշատակել է այդ դեպքերը՝ հավելելով, թե ցանկացած նման փորձեր դրական են, որքան էլ դրանք փոքր լինեն:

«Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ը, հղում անելով Catholic News Service ծառայությանը, փոխանցում է, որ Հռոմի պապը հայ-թուրքական սահմանի բացման մասին հույս է հայտնել՝ նշելով, որ 1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցը կարող է մերձեցնել երկու երկրներին՝ հույս հայտնելով, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը:

Նա գովաբանել է այս տարվա ապրիլի 23-ին Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը՝ դա ներկայացնելով որպես պարզված ձեռք:

Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է 1993 թվականին, Ղարաբաղի հակամարտության պատճառով:

Հռոմի պապի այցելության մասին հոդվածների, հաղորդագրությունների ուշադրության կենտրոնում կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև մոտավորապես մեկ հազարամյակ շարունակվող տարաձայնությունները հարթելու փորձերն են: Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի պապը և ուղղափառ եկեղեցու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինը համատեղ հուշագիր են ստորագրել: Իսկ համատեղ աղոթքի ժամանակ Հռոմի պապը խոնարհել է գլուխը՝ պատրիարքին խնդրելով համբուրել իր ճակատը որպես հաշտության նշան:

Անցյալ տարի հույն պատրիարքը մասնակցել էր այն ժամանակ նոր ընտրված պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Գրեթե հազար տարի նման բան չէր եղել: 1054 թվականից ի վեր, երբ քրիստոնյա աշխարհը բաժանվեց, դա առաջին անգամն էր, որ ուղղափառների հոգևոր առաջնորդը ներկա գտնվեց կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահակալությանը:

«Լոս Անջելես Թայմս»-ը գրում է, որ մեկ դար առաջ Ստամբուլ բազմաթիվ ոչ մահմեդականների տունն էր, ներառյալ հույ և հայ քրիստոնյաների, հրեական համայնքի, իսկ այսօր Թուրքիայում մոտավորապես 120 հազար քրիստոնյա մնացել: Մեկ դար առաջ Թուրքիայի բնակչության 20 տոկոսը քրիստոնյա էր, այսօր նրանք մեկ տոկոսից էլ քիչ են:

1915-18 թվականներին հարյուր հազարավոր հայ քրիստոնյաներ տեղահանվել են, հիմնականում բռնությամբ։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն հայ է սպանվել, գրում է թերթը՝ նշելով, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կառավարությունը մերժում է ցեղասպանության տերմինը՝ հայերի մահը ներկայացնելով որպես պատերազմի, տեղահանությունների և հիվանդությունների հետևանք։

Թուրքիայում հիմա հայկական 34 գործող եկեղեցի կա, գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը և ընդգծում, որ Հայոց պատրիարքարանը հիմնադրվել է 1461 թվականին՝ օսմանյան թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց 8 տարի անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG