Մատչելիության հղումներ

Ալյուրը հարստացնելու նախաձեռնությունը մտահոգությունների տեղիք է տվել


Ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու կառավարության մտադրությունը մտահոգությունների տեղիք է տվել
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Օրենքի նախագծով առաջարկվում է հարստացնել Հայաստանում օգտագործվող ալյուրի մոտ 85 տոկոսը:

Ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու՝ Կառավարության մտադրությունը մտահոգությունների տեղիք է տվել: Մի շարք փորձագետներ պնդում են, որ այդ նախաձեռնությունը առողջությունը բարելավելու փոխարեն կարող է վնաս հասցնել:

Օրենքի նախագծով առաջարկվում է հարստացնել Հայաստանում օգտագործվող ալյուրի մոտ 85 տոկոսը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պնդում է, որ երկաթը անհրաժեշտ է հատկապես այն երեխաներին և մայրերին, որոնց մոտ սակավարյունություն՝ անեմիա է գրանցվում, իսկ ֆոլաթթուն կօգնի կանխել բնածին արատները երեխաների մոտ․ - «Այս ճանապարհով մենք լրացնում ենք արյան մեջ երկաթի և ֆոլաթթվի պակասը, որով կանխարգելվում են բազմաթիվ հիվանդություններ»:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը հակադարձում է․ որքան վնասակար է երկաթի պակասը, նույնքան էլ վտանգավոր է դրա ավելցուկը օրգանիզմում: Մինչդեռ առայսօր հաշվարկված չէ, թե բնակչության որ մասը երկաթի և ֆոլաթթվի կարիք չունի, ու եթե նրանք սկսեն օգտագործել այս միկրոտարրերով հարստացված հացը, ինչպես դա կազդի նրանց առողջության վրա․ - «Առողջապահության նախարարության կողմից երբևէ ոչ մի բառ չի հնչել, թե ինչ ռիսկեր է պարունակում, երբ որ երկաթը ավելցուկ է տալիս, հասարակության քանի տոկոսին չի թույլարտվում, ուղղակի հակացուցված է երկաթով հարստացված ալյուր»:

Պիպոյանն ասում է, որ շատ բժիշկներ մասնավոր զրույցներում խոսում են հնարավոր վնասների մասին, սակայն բարձրաձայնել չեն համարձակվում՝ վախենալով կորցնել աշխատանքը:

Փոխնախարարն այսօր պնդում էր, թե նորամուծությունը քննարկել են բժիշկների հետ, և որևէ մասնագետ մտահոգություն չի հայտնել:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ավագ գիտաշխատող Նունե Տռուզյանը, սակայն, փաստում է, որ իրենց հետազոտությունների համաձայն՝ բժիշկներն ու սպառողները դեռ 2009-ին վիճահարույց են համարել այս նախաձեռնությունը․ - «Բժիշկները մտահոգություն էին արտահայտում, որ բավարար քանակի հետազոտություն արված չէ դեռ Հայաստանում, որպեսզի մենք կարողանանք պնդել, որ դա անհրաժեշտ է Հայաստանում իրականացնել: Ավելի խորը հետազոտություններ են անհրաժեշտ»:

Ավագ գիտաշխատողը միևնույն ժամանակ նշում է, որ բժիշկները բավարար գիտելիքներ չունեն սննդի հարստացման վերաբերյալ։

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ողջունում է ալյուրը հարստացնելու ծրագիրը և, միջազգային փորձից ելնելով, նշում է, որ մայրերի և երեխաների մոտ իսկապես զգալի դրական փոփոխություններ են գրանցվել սակավարյունության հարցում, սակայն սակավարյունությունը պայմանավորված է լինում ոչ միայն երկաթի պակասով, այլև այլ հիվանդություններով: Համալսարանից ասում են, որ թե՛ հարստացումից առաջ, թե՛ հետո հարկավոր է մշտապես հետևել գործընթացին և անհրաժեշտության դեպքում ճշգրտել չափաբաժինը:

Ամերիկյան համալսարանի առողջապահության դպրոցի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանը վստահ է՝ անհրաժեշտ է մանրակրկտորեն ուսումնասիրել և ճշգրտել հավելումների քանակը․ - «Օրինակ, երբ Պաղեստինում դա արել են, ծրագիրը սկսելուց մեկ տարի անց հետազոտել են արյան անալիզները երեխաների և կանանց մոտ, և ճշգրտում են կատարել»:

Բաբկեն Պիպոյանը, հնարավոր վտանգներից բացի, նաև այլ խնդիր է նշում՝ ոտնահարվում է սպառողի ընտրության իրավունքը, քանի որ չի հարստացվելու ալյուրի միայն 10-15 տոկոսը: Իրականում, ըստ նրա, պիտի լիներ ճիշտ հակառակը․ - «Մեր ալյուրի 30 տոկոսը հարստացվեր, և հատուկ թիրախային խմբերին խորհուրդ տրվեր օգտագործել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG