Մատչելիության հղումներ

logo-print

Հայկ Կյուրեղյանի գործով նիստը կրկին հետաձգվեց


Կենտրոնի դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր արդեն երկրորդ անգամ հետաձգվեց՝ ամբաստանյալի փաստաբանի չներկայանալու պատճառով:

Ինչպես առաջին նիստի ժամանակ, այսօր էլ Կյուրեղյանը հրաժարվեց դատարանում ոտքի կանգնել: Դատավոր Բեկթաշյանը զգուշացրեց՝ եթե Կյուրեղյանը շարունակի անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ, կարող է պատասխանատվության ենթարկվել կամ հեռացվել նիստերից:

Հայկի հայրը՝ Արմեն Կյուրեղյանը, «Ազատության» հետ զրույցում տրամաբանական որակեց որդու որոշումը՝ ասելով․- «Նա հենց դատարանների դեմ էր պայքարում: Չի վստահում: Եթե որոշել է, ուրեմն երբեք ոտքի չի կանգնի»:

Ամբաստանյալի հայրը հավելեց, որ նաև դա է պատճառը, որ որդին հրաժարվում է փաստաբանի ծառայություններից․ - «Ես կարծում եմ, որ իրեն պաշտպանի, չպաշտպանի, արդյունքը մեկ է լինելու՝ այն, ինչ որ որոշված է վերևից: Մեր դատարանները անկախ չեն, որ պաշտպանի ասածը ինչ-որ մի նշանակություն կամ ազդեցություն ունենա»:

Օդամղիչ ատրճանակից Կյուրեղյանի արձակած կրակոցներից, ըստ մեղադրանքի, տուժել է 5 ոստիկան: Իսկ Կյուրեղյանի հայտարարությունները իր նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների մասին այդպես էլ մնացին անհետևանք․ Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այս հիմքով հարուցված քրեական գործը:

«Նաև այս որոշումն է Հայկին համոզում, որ օրինականություն այս համակարգում չկա», - ասում է իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը․ - «Հայկ Կյուրեղյանը դուրս էր եկել դաժան իրականության դեմ և ինքը բախվեց դաժան իրականությանը՝ խոշտանգումների ենթարկվեց ոստիկանության կողմից: Եվ հիմա, փոխանակ Հատուկ քննչական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը իրար իրավաբանություն սովորեցնեն, նրանք թող արդար, օբյեկտիվ քննություն կատարեին, որպեսզի այս տղան գոնե հասկանար, որ ինչ-որ մի տեղ կա օրինականություն»:

31-ամյա Կյուրեղյանին մի քանի մեղադրանք է առաջադրվել, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է 4-7 և 5-10 տարվա ազատազրկում: Ժաննա Ալեքսանյանը սա չափազանց խիստ պատիժ է քաղաքական պայքար սկսած երիտասարդի համար․ - «Երիտասարդ տղա է և շատ-շատերից ավելի հայրենասեր և մտահոգ քաղաքացի»:

XS
SM
MD
LG