Մատչելիության հղումներ

Օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Ակտիվիստները, սակայն, չեն դադարեցնելու դրա դեմ բողոքի ակցիաները:

Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած փոփոխությունները «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում: Հղիների ու մայրերի բողոքի պատճառ դարձած փոփոխությունների դեմ ակտիվիստների պայքարը, սակայն, չի դադարում:

Իրավապաշտպանները պնդում են, որ այն ոտնահարում է ոչ միայն կանանց, այլ նաև ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված մարդկանց իրավունքները:

Նախաձեռնության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանին հատկապես անհանգստացնում է օրինագծի այն կետը, որով բյուլետեն ներկայացնելու դեպքում աշխատավարձի միայն 80 տոկոսն է վճարելու պետությունը, մնացածը պարտավոր է վճարել գործատուն:

«Ինչո՞ւ պետք է վճարեմ մեկին, ով չի աշխատում», - Թանդիլյանն արդեն որպես գործատու հարցն ուղղում է կառավարությանը:

«Սա պետության հոգսն է, և ես աստիճանաբար բոլոր հոգսերս բարդում եմ գործատու վրա: Իրենց այդ քայլերով նրանք ուղղակի գործատուին բերելու են հետևյալին, երբ որ մարդիկ գրիպով, տաքությունով, հիվանդ ստիպված են գնալու աշխատանքի, և վարակելու են տարածքում գտնվող բոլորին, այդ թվում և հղի կանանց: Այո, կգան, որովհետև գործատուին ձեռնտու չի լինի, կասի՝ իմ աշխատանքը պիտի կատարես, և կսկսեն մարդիկ նորից գնալ: Փոխարենը ստուգելու, թե աշխատանքային պայմանները ինչպիսին են, ասում են, թե բյուլետենները շատացել են: Միգուցե իսկապես վնասակար պայմաններում են աշխատում, մարդիկ գործարաններից են հիմնականում բյուլետեններ տանում: Դուք ստուգե՞լ եք գործարաններում մարդկանց աշխատանքային պայմանները», - ասաց Մանե Թանդիլյանը:

Պետությունն, ըստ հաշվապահի, հապճեպ փոփոխություններ է կատարում՝ առանց հաշվարկելու, թե ինչ ազդեցություն կունենան դրանք տնտեսության ու գործարարների վրա․ - «Առհասարակ տնտեսապես ոչ արդյունավետ լուծումներ ենք տալիս ու զարմանում ենք, թե ինչու Հայաստանում բիզնեսը չի զարգանում»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Տաթևիկ Դավթյանը հիշատակեց պաշտոնյաների բերած հիմնավորումները, թե շատերը զարտուղի ճանապարհներով բյուլետեններ են ձեռքբերում և վատնում պետության գումարները, և այս փոփոխությունն արվում են դա կանխելու համար:

Ակտիվիստները այս հիմնավորումը չեն ընդունում: Դավթյանն ասում է, որ պետությունը կոռուպցիայի դեմ պայքարելու, պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքը վերահսկելու փոխարեն ավելացնում է գործատուի հոգսերը, վտանգում տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հետազոտվելու, բուժվելու կարիք ունեցող մարդու աշխատանքը:

«Բայց նաև վերին շեմ է սահմանում, այսինքն, հերիք չէ 80 տոկոս, այլ նաև նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, այսինքն ստացվում է մոտ 700 հազար դրամից ավելի ստացող ցանկացած մարդ դրանից ավել իր հիվանդության ժամանակ չի կարող փոխհատուցվել: Այսինքն մենք եկամուտը երկու անգամ տարբեր ձևերով կրճատում ենք, երբ որ շատ լավ հասկանում ենք, որ եթե կա խարդախ մարդիկ, ովքեր ոչ իրավաչափ ձևով վերցնում են էդ հիվանդաթերթիկները, դրանց կողքին կան մարդիկ, ովքեր իրապես հիվանդանում են: Եվ էդ ժամանակահատվածում մարդկանց զրկել իրենց եկամուտներից, նշանակում է մարդուն դնել շատ դժվար կացության մեջ և մղել դեպի աղքատություն», - ասաց Դավթյանը:

Ակտիվիստը մարդու իրավունքների ոտնահարում է համարում նաև օրինագծով ամրագրված մյուս կետը, որով հղիներին մայրության արձակուրդի ընթացքում պետությունը վճարում է մեկ միլիոնից ոչ ավելի աշխատավարձ: Պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանում այսօր 400-ից ավելի կանայք վաստակում են մեկ միլիոն դրամից ավելի, և փաստորեն, նրանց վճարելու պարտավորությունը ևս դրվում է գործատուի վրա:

Այսօր խորհրդարանի հավանությանն արժանացած օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Ակտիվիստները, սակայն, պնդում են, որ չեն դադարեցնի դրա դեմ բողոքի ակցիաները:

XS
SM
MD
LG