Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգության» առաջնորդի` միասնական օրակարգ ձևավորելու հորդորին եռյակի գործընկերները չեն արձագանքել: Հովհաննիսյանը, սակայն, դեռ չի շտապում հայտարարել, թե խորհրդարանական եռյակի ճակատագիրը վտանգված է:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց, որ իր նախաձեռնած քաղաքացիական հավաքները հետապնդում են ոչ թե եռյակից դուրս գալու, այլ միասնության ամրապնդման, միասնական օրակարգ ձևավորելու նպատակ․ - «Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական համագործակցության այդ ուժերը` առաջ չորս էին, հիմա երեք են, կարող է վաղը այդ քանակը փոխվի, պետք է ժողովրդի առջև հուշագիր ստորագրի` ասելու համար, թե որն է շարժման անունը, ինչ է դրա նպատակը, որոնք են այդ նպատակը իրացնելու միջոցները և նաև որոշումները կայացնելու մեխանիզմը»:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով` ինքը կողմ է Ազատության հրապարակում եռյակի ձևավորած համաժողովրդական շարժման կողմից իշխանափոխություն իրականացնելու սահմանադրական ու անցնցում տարբերակին, և հոկտեմբերի 24-ին ժողովուրդը հրապարակ էր եկել հենց այդ պահանջով:

Ու թեև հարթակից հայտարարվեց համաժողովրդական շարժման մեկնարկի, միասնական շտաբերի ձևավորման մասին, սակայն, Հովհաննիսյանի կարծիքով, իշխանափոխության միջոցների ու դրա իրականացման եղանակների մասին հարցերը չհստակեցվեցին. - «Չի կարելի ժողովրդին բերել, հետո հերթական անգամ արձակուրդի ուղարկել: Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ուր է գնում այս ամեն ինչը: Կարծում եմ, որ ժողովուրդը, քաղաքացիությունը պահանջում է փոփոխություն և պատրաստ է նաև դիմակայության` դեմ դիմաց չընտրված իշխանություններին: Եվ այդ «դեմ դիմաց»-ը պետք է կայանա»:

Նա առայժմ դժվարանում է ասել, թե ինչ նոր քաղաքական գործընթացներ կլինեն Երևանում և մարզերում իր անցկացնելիք քաղաքացիական հավաքներից հետո, սակայն հույս ունի, որ իրեն կհաջողվի ձևավորել միասնական հրապարակ. - «Պետք է միակարծության հիման վրա լինեն որոշումները, նպատակը պետք է լինի սահմանադրական Հայաստան, ինքնիշխան Հայաստան՝ ամբողջական իշխանափոխությամբ, որը նշանակում է ուղղակի իմաստով և սահմանմամբ՝ նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ»:

Անցնցում և անարյուն իշխանափոխության միջոցներից է նաև Ազգային ժողովում նախագահին անվստահություն հայտնելը: Հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգություն»-ը չմիացավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) նախաձեռնությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե դրանում բացակայում է ամենակարևոր ու առանցքային հիմնավորումը․ - «Որ այս իշխանությունը ընտրված չէ, որ կեղծված են, գողացված են ընտրությունները: Այսինքն, ամենահիմնական, տարրական հիմնավորումը իմփիչմենթի բացակայում է»:

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցություն, հայ-թուրքական հարաբերություններ․ «Ժառանգության» առաջնորդը չի թաքցնում, որ այս հիմնահարցերի շուրջ իրենք տարաձայնություններ ունեն ոչ միայն եռյակի, այլև իրենց կուսակցության ներսում: Նա, այդուհանդերձ, հստակ ասաց, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, քանի որ այն Հայաստանը «տանում է դեպի խորտակում»: Իսկ իշխանական թևի հիմնավորումները, թե ԵՏՄ-ին Հայաստանն անդամակցում է, քանի որ այլընտրանք չունի, Հովհաննիսյանը համարում է սեփական անգործության ու անկարողության խոստովանանք․ - «Դա խոստովանություն է, որ պետականություն չունենք: Որովհետև պետականությունը, անկախ իշխանությունից, անկախ ընդդիմությունից, պիտի միշտ ունենա այլընտրանք: Ի՞նչ է նշանակում այընտրանք չունենք: Մենք պիտի ունենանք դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն: Իսկ սրա աղբյուրը, իհարկե, իշխանությունն է»:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք այսօր չունեն ռեսուրսներ՝ հեռուստաընկերությունը, ֆինանսական կարողություն, չեն կարող ավտոբուսներով մարդկանց հասցնել հրապարակ, սակայն «Ժառանգության» առաջնորդը կարծում է, որ ստեղծված իրավիճակը հավասարեցրել է ռեսուրսներ ունեցողի ու չունեցողի հնարավորությունները: Նա հայտարարեց, որ ամբողջական իշխանափոխության հասնելու համար միայնակ գործելը դատապարտված է անհաջողության:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական հավաքների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակից:

XS
SM
MD
LG