Մատչելիության հղումներ

Աղբահանության միջազգային օպերատորն սկսեց աշխատանքը Երևանում


Լուսանկարը՝ քաղաքապետարանի
Լուսանկարը՝ քաղաքապետարանի

«Արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանմաքրման ծառայություններ», - խոստանում է քաղաքապետը:

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում նախ ներկայացվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Դեռևս 2012 թվականին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից անցած տարի ընտրվել են երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

Տարոն Մարգարյանը հայտնել է, որ մրցույթում հաղթող ճանաչված երկու ընկերությունները, ըստ պայմանագրի, 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը:

«Sanitek s.a.r.l» ընկերությունը ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ տալիս է պայմանագրով պահանջվող ծառայությունների մատուցման մեկնարկը:

«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին», - հայտարարել է քաղաքապետը։

«Sanitek s.a.r.l»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը համոզմունք է հայտնել, որ հաշվի առնելով աղբահանության և սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը՝ ընկերության մատուցած ծառայությունները կբավարարեն Երևանի բնակիչների սպասումներն ու կարդարացնեն քաղաքապետարանի վստահությունը:

«Մեր կողմից շուրջ 10 միլիոն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երևան քաղաքի համար շատ կարևոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռևս աճելու է և հասնի մինչև 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ», - նշել է Մադլեն Էլ Բոլբոլը:

Լրագրողների հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու: «Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015 թվականին չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»,- ընդգծել է Մարգարյանը:

Հայտարարված մրցույթի բնութագրերի համաձայն՝ հայտ ներկայացնող կազմակերպությունները պարտավորվել էին ոչ միայն ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով փոխարինել աղբահանության և սանմաքրման մեքենասարքավորումները, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ տեղադրել, այլև բնութագրերով ներկայացվող պայմանների թվում նաև նոր չափորոշիչների և վերահսկման տեխնիկական նոր մեխանիզմների ներդրմամբ ու կիրառմամբ (աղբատարների GPS համակարգով համալրվածություն, հստակ քարտեզներով աշխատանքի կազմակերպում և այլն) ծառայությունների մատուցման պահանջ էր դրված, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել աղբահանության գործընթացը, իր հաղորդագրությունում նշում է քաղաքապետարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG