Մատչելիության հղումներ

Պուտինը պետական այցով մեկնում է Թուրքիա


Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Ստամբուլում, արխիվ
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Ստամբուլում, արխիվ

Վերջին անգամ Ռուսաստանի նախագահը պետական այցով եղել էր Հայաստանում մեկ տարի առաջ:

Այսօր պետական այցով Թուրքիա է ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընդ որում, Կրեմլի պաշտոնական կայքում Թուրքիա այցը նշված է որպես աշխատանքային, սակայն թուրքական կողմի առաջարկով այն դարձել է պետական: Հետաքրքիր է, որ վերջին անգամ պետական այցով Ռուսաստանի նախագահը այցելել էր Հայաստան մեկ տարի առաջ:

Անկարայում այսօր անցնելու է ռուս - թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստը, և երկու երկրների նախագահները մտադիր են քննարկել տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, քաղաքական մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ Սիրիայի հարցը, սակայն հիմնականը օրակարգում գազի թեման է:

Թուրքիան երկրորդն է Գերմանիայից հետո ռուսական գազի սպառողների շարքում: Անցած տարի, օրինակ, Ռուսաստանը Թուրքիային վաճառել էր 26.6 միլիարդ խորանարդ մետր գազ: «Գազպրոմ»-ը ցանկանում է վաճառվող գազի քանակն ավելացնել, թուրքական կողմը փոխարենը որոշ զեղչ է ակնկալում:

Փորձագետները բավական մեծ սպասումներ ունեն այս այցից, նույնիսկ նկատում են, որ, հավանաբար, սա ռուս - թուրքական սերտ համագործակցության նոր փուլի մեկնարկ է լինելու:

Անցած տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասել էր 32.7 միլիարդ դոլարի: Մոտ 100 թուրքական շինարարական ընկերություններ այսօր աշխատում են ռուսական շուկայում՝ մրցակցության մեջ մտնելով ռուսաստանյան ընկերությունների հետ, որոնց զգալի մասի սեփականատերերը, ի դեպ, հայեր են:

Ռուսաստանը, ըստ էության, կառուցում է թուրքական «Ակույու» ատոմակայանը և դրա համար մասնագետներ է պատրաստում: Ավելին, Մոսկվան ու Անկարան այսօր համագործակցում են նաև տիեզերքում: Բացի այդ, թուրքական հանգստավայրերում անցած տարի միայն հանգստացել են շուրջ 4 միլիոն ռուսաստանցիներ:

Սակայն Ռուսաստանն ու Թուրքիան ունեն մի շարք լուրջ տարաձայնություններ: Մասնավորապես, Անկարայի համար ցավոտ Սիրիայի հարցում Մոսկվան ունի հակառակ դիրքորոշումը և աջակցում է Բաշար Ասադին, իսկ Ռուսաստանի համար կարևոր Ուկրաինայի հարցում Անկարան քննադատում է Մոսկվային Ղրիմի և Դոնբասի համար: Սրա հետ մեկտեղ, թուրքերը չեն միացել արևմտյան պատժամիջոցներին՝ ակնկալելով ստանալ հնարավորինս շատ դիվիդենտներ ստեղծված իրավիճակից:

Այցի նախօրեին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Պուտինն ընդգծել է, որ բարձր է գնահատում Անկարայի այս որոշումը:

«Մեր թուրքական գործընկերները չեն զոհաբերել իրենց շահերը ուրիշների քաղաքական ամբիցիաների համար, և սա հեռատեսական քայլ է», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ ողջունում է ռուսական շուկան թուրքական գյուղատնտեսական ապրանքով լցնելու թուրքական կողմի մտադրությունը:

Պուտինն ու Էրդողանը սովորաբար քննարկում են նաև Ղարաբաղի հարցը, սակայն օրակարգային հարցերի շարքում այն նշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG