Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը վստահ է՝ ԵՏՄ-ին անդամակցելով արևմտյան գործընկերներին չեն կորցնի


Այսօր Նախագահի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով դատապարտյալների կողմից պարբերաբար հնչող դժգոհություններին, ընդունեց, որ քրեակատարողական հիմնարկներում չլուծված շատ խնդիրներ կան՝ մասնավորապես, Նուբարաշենի կալանավայրում:

«Շենքը բավականին հին է, ունի պրոբլեմներ՝ կոյուղային համակարգի, ջրամատակարարման, դրենաժային՝ պատերը ջուր են քաշում, և համապատասխան հաշվարկներ ենք իրականացրել, և փորձելու ենք եկող տարվա ընթացքում շենքի բարեկարգման, վերանորոգման աշխատանքները իրականացնել», - նշեց արդարադատության նախարարը:

Դեռ երկու ամիս առաջ Շանթ Հարությունյանի գործով որպես մեղադրյալ ներգրավված, ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էր դատարանում խոսել կալանավայրի անմարդկային պայմանների մասին․- «Մի հատ եկեք նայեք ոնց ենք ապրում այնտեղ: Ո՞նց ա ձեր համար՝ օրը 5 րոպե ջուր տան, հազիվ երկու շիշ լցնենք, ըտենց էլ խմենք: Էս շոգին 6 տղամարդ՝ 4 հոգանոց կամեռի մեջ: Ռազմագերիներին սկի տենց չեն պահում, ոնց որ մեզ: Կալանավայրերում էլ տեղ չկա, մարդիկ սմենով են քնում: Բայց ինչքա՞ն անմեղ մարդիկ կան, որ էսօր այ էդ ոստիկանական բեսպրեդելի համար նստած են»:

Դատապարտյալ Վարդանյանի այս հայտարարությունից երկու ամիս է անցել, արդարադատության ոլորտի պատասխանատուին հարցրինք, թե մինչև այսօր որևէ մեկն այցելել է ահազանգի հետքերով, տեղյակ են արդյո՞ք, թե ինչի մասին էր խոսում դատապարտյալը:

Արդարադատության նախարարը վստահեցրեց, թե ոչ մի հարց անպատասխան չեն թողնում․- «Ցանկացած դիմում, այդ թվում նաև այն, որը մամուլում չի հայտնվում, իսկ այդ դիմումները տասնապատիկ ավելի շատ են, դրանցից յուրաքանչյուրով, այո, մենք ուսումնասիրում ենք»:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման հարցում ներդրումներ են ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ԵԱՀԿ գրասենյակն ու միջազգային մի շարք կազմակերպություններ:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո արևմտյան գործընկերներին կորցնելու վտանգ արդյո՞ք արդարադատության նախարարը չի տեսնում Մանուկյանն ասաց, թե «դա մեզ չի սպառնում»:

«Դուք գիտեք, որ երկրի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը ամենևին չի նշանակում, որ մենք համագործակցությունը դադարեցնելու ենք մեր հիմնական գործընկերների հետ և հատկապես մեր եվրոպական գործընկերների հետ: Նմանատիպ մոտեցում կա նաև մեր գործընկերների մոտ: Ես կարծում եմ, որ, այո, մենք բարեփոխումները շարունակելու ենք», - ընդգծեց Հովհաննես Մանուկյանը:

«Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջությամբ շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ թեթևացնելով մյուս քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Նորակառույց այս քրեակատարողական հիմնարկը նախատեսված է շուրջ 1 200 ազատազրկվածների համար:

Նախարարից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով նորակառույց կալանավայրի ժամանակակից պայմանները՝ դատապարտյալների տեղափոխման հարցում կոռուպցիոն ռիսկեր չե՞ն ծագի:

Մանուկյանն ասաց, որ այդ գործընթացը լրջորեն վերահսկվելու է, դրա պատասխանատուները քրեակատարողական ծառայության ու հիմնարկների ղեկավարեն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG