Մատչելիության հղումներ

Հայ ծանրորդների հաղթանակները, օլիմպիական վարկանիշները. Բաքու-2015-ը՝ առանց ծանրամարտի


Հայաստան - Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը մրցումների ժամանակ, արխիվ

Հայաստան - Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը մրցումների ժամանակ, արխիվ

Կիպրոսում նոյեմբերի 20-29-ը անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը ուրբաթ օրը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը:

Հայաստանի ներկայացուցիչը մինչև 21 տարեկանների պայքարում 105 կիլոգրամ քաշային կարգում ռուսաստանցի Մարչել Գույդային զիջեց միայն անձնական քաշով:104 կիլոգրամ կշռող Սիմոնը ծանր էր մրցակցից գրեթե 5 կիլոգրամով:

17-ամյա ծանրորդը միջազգային այս ստուգատեսում ցույց տվեց երկամարտի 394 կիլոգրամ արդյունք: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը 184-կիլոգրամանոց ծանրաձողը պահեց գլխավերևում, ինչը ռեկորդ է նրա տարիքային խմբում այս տարի Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունում և Լիմասոլում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում 9 կիլոգրամով գերազանցեց մրցակցին, սակայն հրում վարժությունում ռուսաստանցին հավասարեցրեց հաշիվը՝ բարձրացնելով 219 կիլոգրամ:

Կիպրոսում մինչ Մարտիրոսյանի ելույթն էլ հայ ծանրորդները լավ արդյունքներ են ցույց տվել: Մինչև 23 տարեկանների պայքարում 56 կիլոգրամ քաշային կարգում 21-ամյա ծանրորդ Սմբատ Մարգարյանը երկամարտի 252 կիլոգրամով (107+145) դարձել է փոխչեմպիոն: Երկրորդ տեղն է գրավել նաև 77 կիլոգրամ քաշային կարգում Նորայր Ավետիսյանը՝ երկամարտի 318 կիլոգրամ (138+180) արդյունքով, իսկՀակոբ Մկրտչյանը նույն քաշային կարգում բավարարվել է բրոնզե մեդալով՝ երկամարտի 313 կիլոգրամ (137+176) արդյունքով:

Կանանց պայքարում 58 կիլոգրամ քաշային կարգում 19-ամյա Իզաբելա Յայլյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչըերկամարտում հավաքել է 191 կիլոգրամ (85+106):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-16-ը Ալմաթիում հայ ծանրորդները մասնակցում էին աշխարհի առաջնությանը, որտեղ նրանց հաջողվեց օլիմպիական ուղեգրերնվաճել: Տղամարդկանց հավաքականը 6 հնարավոր վարկանիշից նվաճեց 5-ը, իսկ կանանց ընտրանին՝ 4-ից 3-ը:

Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշներ հնարավոր կլիներ նվաճել Եվրոպական խաղերում, որը 2015 թվականին կընդունի Բաքուն: Սակայնծանրամարտ մարզաձևը հեռացվել է ծրագրից և փոխարինվել սամբոյով, որն օլիմպիական մարզաձև չէ:

Ավելի վաղ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր. - «Ադրբեջանցիները, գնահատելով հայ ծանրորդների հզորությունը, առաջարկել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, որ ծանրամարտը հանեն ծրագրից, փոխարենը սամբոն մտցնեն։ Համաձայնել են։ Տեսեք՝ մեր մեդալների հավակնորդների քանակը մեկ մարզաձևով նվազեց»:

Այդուամենայնիվ, վերջնականապես պարզ չէ դեռևս, թե արդյոք ՀԱՕԿ-ը կնախընտրի մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին: Նշենք, որ նախկինում բռնցքամարտի և ըմբշամարտի աշխարհի առաջնություններին Հայաստանի մասնակցությունը Ազգային օլիմպիական կոմիտեն պայմանավորել էր առաջին հերթին օլիմպիական վարկանիշների խաղարկմամբ: Ծանրամարտիկների համար հաջորդ տարի վարկանիշներ կխաղարկվեն ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առանությունում, որը կհանդիսանա Ռիոյում հանդես գալու վերջին հնարավորությունը:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG