Մատչելիության հղումներ

Դատախազությունը կրկին վերացրել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով գործը կարճելու ՀՔԾ որոշումը


Դատախազությունը այսօր երկրորդ անգամ վերացրեց «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումը։ Դատախազությունը Հատուկ քննչական ծառայության որոշումը կրկին ուղարկեց նախաքննության։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը պոկել էր «Հակահարված» խմբի անդամների՝ «Բարև, Ռոբ» գրությամբ պաստառը, իսկ հետո հարվածել լրագրող Մարինե Խաչատրյանին և նրա տեսանկարահանող սարքը գցել գետնին։ Ավելի քան երկու ամիս գործը քննելուց հետո ՀՔԾ-ն կարճել էր այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Քննությունը վերահսկող Գլխավոր դատախազությունը մինչդեռ այսօր հայտարարեց՝ նախաքննությունն իրականացվել է դատավարական կոպիտ խախտումներով, չնայած բավարար հիմքերին՝ լրագրողը այդպես էլ տուժող չի ճանաչվել:

Դատախազության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ բոլոր նախադրյալները կան, որ լրագրողը գործում ներգրավվի որպես տուժող։ Նույն կարծիքին է նաև լրագրողի փաստաբան Օլգա Սաֆարյանը, ով մեզ հետ հեռախոսազրույցում պնդեց՝ պետությունը դեռ պատրաստ չէ պաշտպանել լրագրողներին։

«Քրեական օրենսգրքի 164 հոդվածի համաձայն՝ լրագրողը պաշտպանված է, այսինքն երբ նա իրականացնում է մասնագիտական գործունեություն, օրենքը արգելում է խոչընդոտել։ Սակայն այստեղ կիրառության խնդիր է և հիմա դուք տեսաք այս գործի շրջանակներում, երբ օրենքը պաշտպանում է, սակայն գործը արդեն երկրորդ անգամ կարճվում է։ Հիմա թե ինչ կլինի ևս մեկ անգամ նախաքննություն իրականացնելուց հետո, դժվարանում եմ ասել։ Չի բացառվում, որ ևս մեկ անգամ կարճվի գործի վարույթը։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես ոչինչ չի բացառվում։ Մենք բոլորս գիտենք, որ արդարադատությունը իր տեղում չի»,- ասաց փաստաբանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, քրեական այս գործը փակել ուղղակի չի կարելի, քանի որ տեսանյութերից ակնհայտ է՝ լրագրողի նկատմամբ բռնություն է իրականացվել։

«Այդ պաշտոնյաները թող մեկ անգամ ևս նայեն այդ կադրերը և իրենք իրենց հարց տան՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ համարվի լրագրողական գործունեության խոչնդոտում, էլ ի՞նչ պետք է լինի, որ համարվի, որ այստեղ անհիմն կերպով պաշտոնյան ֆիզիկական ուժ է կիրառել լրագրողի նկատմամբ։ Ինչ է պետք է անպայման սպանությո՞ւն լինի»,- ասում է Մելիքյանը։

Այս տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության յոթ դեպք է գրանցվել՝ նույնքան, որքան անցած տարի։ Սա այն դեպքում, երբ 2014-ը քաղաքական առումով ավելի պասիվ էր և ընտրություններ չէին անցկացվում։ Չնայած այդ դեպքերին՝ այս տարի դեռ որևէ մեկը չի պատժվել լրագրողի դեմ բռնություն կիրառելու համար։

«Չորրորդ իշխանության» լրագրող Անի Գևորգյանի խոսքով, պատասխան չի տվել նաև տարեսկզբին իրեն ապտակած ոստիկանը։

«Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ինձ ապտակել էր, այդ քրեական գործը էն աստիճան ձևական բնույթ կրեց, որ մոտ կես տարի տևած նախաքննության ընթացքում ՀՔԾ-ի քննիչը նույնիսկ չհանդգնեց ինձ որպես տուժող ճանաչել։ Ողջ հարցաքննության ընթացքում ես հարցաքննվում էի և քննչական գործողություններին մասնակցում էի որպես վկա, մինչդեռ քրեական գործը հարուցվել էր հենց իմ բողոքի վրա»,- ասաց լրագրողը։

Ծառայողական քննության եզրակացության արդյունքում պարզվել էր, թե ոստիկանության պետը Գևորգյանի հետ նույն սենյակում չի էլ եղել, քրեական գործն էլ շատ շուտով կարճվել էր։ Ինչպես Մարինե Խաչատրյանը, Անի Գևորգյանը ևս գործում ներգրավված է եղել ոչ որպես տուժող։ Անի Գևորգյանն այժմ դիմել է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերսկսել քննությունը։

«Ես կարծում եմ, որ միակ տարբերակը դեպքերի մասին բարձրաձայնելն է։ Ցավոք, մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ նման խոչընդոտումներից հետո մեր գործընկերները լռում են, մտածում են, որ միևնույնն է օգուտ չի տա դիմելը ոստիկանություն, ՀՔԾ, հետո նաև դատարան։ Ես կարծում եմ, էր մենք իրավունք մենք իրավունք չունենք չօգտվել այդ հնարավորությունից»,- ասում է Գևորգյանը։

Նշենք, որ այս տարի ավելացել են տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները։ Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների՝ եթե նախորդ տարի դրանք 8-ն էին, ապա այս տարի արդեն 11-ը։ Ըստ կոմիտեի նախագահի՝ սա դատարան դիմած լրագրողների վիճակագրությունն է, մինչդեռ իրականում այդ թիվը ավելի մեծ է։

XS
SM
MD
LG