Մատչելիության հղումներ

logo-print

Մասնակի լուծում՝ պետական բուհերում աշխատող դասախոսների «կուտակային» խնդրին


Կրթության և գիտության նախարարությունը երեկ առաջարկեց ԵՊՀ-ն ու Բժշկական համալսարանը հիմնադրամի վերածել:

Բուհերին հնարավորություն է տրվում, կարգավիճակը փոխելով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվելով հիմնադրամի, լուծել նաև համատեղությամբ պետական և մասնավոր սեկտորում աշխատող երիտասարդ դասախոսներից սոցիալական պարտադիր վճարի կրկնակի գանձման հարցը, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Կրթության և գիտության նախարարության երեկվա առաջարկին՝ ԵՊՀ-ն ու Բժշկական համալսարանը հիմնադրամի վերածելու վերաբերյալ: Վարչապետի հարցին՝ արդյո՞ք սրանով լուծվում է նաև երիտասարդ դասախոսներին անհանգստացնող հարցը, կրթության փոխնախարարը երեկ դրական պատասխանեց:

«Հաստատ գիտեմ, որ դա տարածվում է համատեղությամբ աշխատողների վրա, իսկ մեզ մոտ հիմնական դասախոսական մասը, որը տուժում էր սրանից, հենց նրանք էին, որովհետև նրանք էին շատ մեծ գումար մասնահանում սոցիալական կուտակային ֆոնդին վճարելու համար: Եվ ես կարծում եմ, որ նրանց համար որ այս խնդիրը լուծվում է, արդեն սա մի մեծ քայլ առաջ է: Ես նույնիսկ պատրաստ եմ այն մարդկանց, որոնք մտափոխ կլինեն և հետ կգան՝ նրանց ընդունել առանց որևէ պրոբլեմի», - ասաց Սիմոնյանը:

Կրթության նախարարի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, սակայն, մեզ հայտնեց, որ իրականում այս փոփոխությունը արվել է առաջին հերթին այլ բուհերին ինքնավարություն տալու, այլ ոչ թե երիտասարդ դասախոսներին հուզող կուտակայինի հարցը լուծելու նպատակով: Այդուհանդերձ, նախարարությունից ևս հաստատեցին, որ հիմնադրամ դարձած բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներն արդեն կարող են դիմում գրել՝ պարտադիր սոցիալական վճարից ազատվելու համար:

Այսքանով հանդերձ կրկին բաց է մնում այն դասախոսների հարցը, որոնք կաշխատեն միայն հիմնադրամ դարձած բուհերում: Մայր բուհի ռեկտորը դեռևս չի շտապում սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու մասին դիմումներ առաջարկել նաև այն դասախոսներին, որոնք բուհից բացի այլ տեղ չեն աշխատում: Այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան չունի նաև նախարարությունը:

«Դա արդեն իրավաբանները և ֆինանսիստները համապատասխան օրենսդրությունը կուսումնասիրեն և այդ հարցի պատասխանները կտան», - ասաց Զոհրապ Եգանյանը:

Մինչդեռ իրավաբան, ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանը չի հասկանում՝ ինչն է այս անորոշության պատճառը:

«Հիմնադրամների աշխատողների համար սահմանափակում չկա: Հետևաբար հիմնադրամների աշխատողները նույնպես կարող են դիմում գրել՝ ազատվելու կուտակային վճար կատարելու պարտականությունից մինչև 2017 թվականը», - ասում է նա:

Այդուհանդերձ, սա խնդրի այն լուծումը չէր, որ վարչապետին հասցեագրված նամակի համահեղինակ Արսեն Թավադյանը ակնկալում էր Կառավարությունից:

«Այս լուծումները հատվածային են: Փաստացի՝ հիմնադրամի վերածելով ԵՊՀ-ն և Բժշկական համալսարանը՝ դրանց աշխատողներին հնարավորություն տրվում է ազատվել կուտակային կենսաթոշակային վճարումներից, բայց մնացած բուհերի վերաբերյալ որոշում չկա: Հետևաբար, պետք է Կառավարությունը ամեն որոշման վերաբերյալ առանձին ինչ-որ կարգավորում և վերակազմավորման վերաբերյալ որոշում կայացնի, ինչը չէր լինի, եթե ընդունվեր մի նորմատիվ որոշում, որը ամբողջ հարցը կկարգավորեր», - ասում է նա:

Հայաստանում կա 16 պետական բուհ: Նախարարությունից ասում են՝ մյուս բուհերին էլ հերթ կհասնի, գործընթացը ժամանակ է պահանջում, մինչդեռ սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու մասին դիմում հնարավոր է գրել միայն մինչև դեկտեմբերի 25-ը: Իսկ նախարարությունում չգիտեն՝ արդյո՞ք նշված ժամանակահատվածում կկարողանան հիմնադրամ դարձնել բոլոր պետական բուհերը:

«Խտրականության մասին խոսք չկա, քանի որ ի սկզբանե այդ երկու բուհերը ընտրելու նպատակը եղել է այն, որ նրանց տրվի ավելի մեծ ինքնավարությունը: Սկզբունքը ինքնավարություն տալն էր, մնացածը արդեն հետևանքներ են: Եվ ամենամեծ թվով դասախոսներ այս երկու բուհում էին՝ երկու տեղ աշխատող և 74 թվականից հետո ծնված երիտասարդ դասախոսների մասին է խոսքը», - պարզաբանում է կրթության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Մի քանի շաբաթ առաջ Կառավարության մեկ այլ որոշմամբ հիմնադրամ դարձան Ճարտարագիտական և Ճարտարապետաշինարարական համալսարանները: Ավելի քան մեկ տարի առաջ հիմնադրամի կարգավիճակ է ստացել նաև Ագրարային համալսարանը: Հատկանշական է, սակայն, որ մեր հավաստի աղբյուրների համաձայն, չնայած այս ձևափոխումներին և չնայած պետական մակարդակով հնչող խոստումներին՝ այս երեք ամիսների ընթացքում Ագրարային համալսարանում համատեղությամբ աշխատող դասախոսներից ևս կուտակային պահումներ են արվել, չնայած նրանք դիմում են ներկայացրել՝ դրանցից հրաժարվելու մասին:

XS
SM
MD
LG