Մատչելիության հղումներ

logo-print

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան պահանջում է ազատել Յունուսին


Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան խիստ անհանգստություն է հայտնում ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակի, նրան այդ վիճակում բանտում պահելու կապակցությամբ:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում վերաբերմունք արտահայտել Լեյլա Յունուսի կյանքի փրկության համար:

«Ընդդեմ բռնությունների» միջազգային կազմակերպության անդամ Լեյլա Յունուսի նկատմամբ բռնությունները, այդ թվում՝ դատաիրավական համակարգի սանձազերծած քրեական հետապնդումը, բուժօգնություն ստանալու իրավունքի անտեսումը, բանտային հարձակումները և Ազգային անվտանգության մեկուսարան տեղափոխելը վատացրել են իրավապաշտպանի վիճակը և նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:

«Տիկին Յունուսն ի վիճակի չէ սնվել, հազիվ է կարողանում շարժվել, և վերջապես արյան անալիզները փաստում են, որ նրա կյանքը քայքայվում է»,- ահազանգում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և ավելացնում, որ Լեյլա Յունուսը այնքան է հյուծվել, որ քաշը 61 կգ-ից դարձել է 48 կգ:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան վկայակոչում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի պնդումը, որ Յունուսի վիճակը ծայրահեղ լուրջ է, որ նա անվերջ արտասվում էր հանդիպման ժամանակ:

Յունուսը կալանքի տակ է հուլիսի 30-ից՝ ծանր մեղադրանքներով: Նա, մասնավորապես, մեղադրվում է պետական դավաճանության, կեղծիքի, հարկերից խուսափելու, ապօրինի տնտեսական գործունեության մեջ: Այս մեղադրանքների դեպքում Լեյլա Յունուսին սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Ադրբեջանցի իրավապաշտպանի առողջության վատթարացմանը զուգահեռ անցած ամիսներին խստացրել են նրա պահման պայմանները: Օգոստոսին Կարմիր խաչի միջամտությունից հետո ի վերջո հնարավոր եղավ Լեյլա Յունուսին ցավազրկողներ ներարկել, դրանից հետո՝ ինքնազգացողության անկման պայմաններում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան տեղափոխել հիվանդանոց այն դեպքում, երբ, փաստաբանի փոխանցմամբ՝ խիստ անհրաժեշտ է շաքարային դիաբետ, երիկամների, արյան զարկերակային բարձր ճնշում ունեցող կնոջն անհապաղ բուժօգնություն տրամադրելը:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել հետապնդումները Յունուսի նկատմամբ, պահանջում են վերջ դնել նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքին: «Լեյլա Յունուսը պետք է անհապաղ և անպայման ազատ արձակվի, նրա կալանքն իր քաղաքացիական ակտիվության հետևանքն է և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշման արտահայտությունը»,- նշված է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Չնայած գնալով ավելանում են Լեյլա Յունուսի, նաև տասնյակ այլ քաղաքացիների նկատմամբ հետապնդումները քննադատող հայտարարությունները, ադրբեջանական իշխանությունները տեղի չեն տալիս:

«Եվրոպայում ընդամենը մի քանի մուսուլմանական երկիր կա և այդ երկրների նկատմամբ մշտապես հնչում է քննադատություն»,- հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը խորհրդարանական նիստի ժամանակ՝ հեռակա հակադարձելով Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ով քննադատել էր Յունուսի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքը:

Ասադովը Եվրոպական խորհրդարանի նախագահի գնահատականները որակել է իբրև «անսովոր և էթիկայից դուրս»։

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը, մասնավորապես, Շուլցին ուղղել է հետևյալ խոսքերը.-«Այդպես ակնհայտ ստելը հարգանք չի ստեղծում որևէ քաղաքական գործչի նկատմամբ»:

Ասադովն ասել է՝ ադրբեջանցիները կմնան այնպիսին, ինչպիսին կան:

XS
SM
MD
LG