Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Հարավային Օսիան պատրաստվում են ռազմավարական պայմանագիր կնքել


Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլով, արխիվ
Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլով, արխիվ

Ռուսաստանն ու Հարավային Օսիան ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագիր կկնքեն, ամենայն հավանականությամբ՝ տարեսկզբին: Ընդ որում, այն կլինի ավելի ինտեգրացիոն բնույթի, քան օրերս ստորագրված ռուս - աբխազական պայմանագիրը: Այս մասին, ըստ ռուսական տեղեկատվական աղբյուրների, հինգշաբթի օրը հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը:

Բիբիլովը, ով Ռուսաստան էր ժամանել մասնակցելու համաշխարհային ռուսական ժողովրդական հավաքին՝ «Գլոբալ մարտահրավերներ՝ ռուսական պատասխան» թեմայով, տեղական «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է, որ փաստաթուղթն այժմ մշակման փուլում է և պատրաստ կլինի ստորագրման տարեսկզբին: Պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ պայմանագիրը կնպաստի երկրի զարգացմանն ու Ռուսաստանի հետ համագործակցությունը նոր մակարդակի կհասցնի:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում հարավօսական փորձագետները այս պայմանագրի անհրաժեշտությունը պայմանավորել են մի շարք հանգամանքներով: Առանց պայմանագրի էլ Հարավային Օսիան կզարգանա Ռուսաստանի ուղեծրում, սակայն փաստաթուղթը նաև պատասխան է Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը, ասել է փորձագետ Դինա Ալբորովան:

«Այդ տեսանկյունից, իմաստ ունի նմանօրինակ պայմանագրի կնքումը, որը կամրապնդի մեր ռազմավարական համագործակցությունն ու անվտանգությունը: Հուսով եմ, որ այդ փաստաթղթում մեր ինքնիշխանությունը չի ոտնահարվի», - ասել է փորձագետը Հարավային Օսիայից:

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները Սոչիում ստորագրեցին Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը նախատեսում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, այդ թվում նաև միացյալ զորամիավորման ստեղծմամբ, որը կենթարկվի միացյալ հրամանատարությանը:

Վրաստանն ու Արևմուտքը հայտարարեցին, որ Մոսկվայի ու Սուխումի միջև ստորագրված այդ պայմանագիրը ոչ այլ ինչ է, քան բռնազավթման ուղղությամբ Ռուսաստանի հերթական քայլը:

Վրաստանի իշխանությունները կանխատեսում էին, որ Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ էլ կստորագրի նմանօրինակ պայմանագիր, և Արևմուտքից պահանջեցին քայլեր ձեռնարկել դրա կանխման ուղղությամբ:

2008 թվականին Վրաստանի և Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմից երկու շաբաթ անց Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը։ Այդ ընթացքում էլ Վրաստանի նախագահը ստորագրել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով սահմանափակումներ են մտցվել ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքում։ Շուրջ 70 հազար բնակչություն ունեցող Հարավային Օսիան Վրաստանը դիտարկում է որպես իր վարչական շրջան՝ Ցխինվալի մարզի կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG