Մատչելիության հղումներ

logo-print

Համաձայն ԱՀԿ-ի զեկույցի՝ նոր վարակակիրները ամենաշատը Ռուսաստանում և Ուկրաինայում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին 10 տարվա ընթացքում իմունային անբավարարության վիրուսով վարակվածների թիվը Հայաստանում և Ադրբեջանում քառապատկվել է, իսկ Ռուսաստանում ու նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում միջին հաշվով կրկնապատկվել է:

Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվում է որ, վարակակիրների թվի նման աճի պատճառները թմրամիջոցների ներարկումներ են ու առանց պաշտպանական միջոցների սեռական հարաբերությունները:

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2004 թվականին նախկին Խորհրդային Միության երկրներում իմունային անբավարարության վիրուսով 50 հազար վարակակիր կար, իսկ 2013-ի տվյալներով՝ ավելի քան 105 հազար:

Ավելացել է նաև հիվանդների թիվը: Զեկույցում նշված է, որ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդների թիվը նախկին Միության տարածքում երեք անգամ ավելացել է, մինչդեռ Եվրոպայի մյուս շրջաններում այդ հիվանդությունից մահվան դեպքերը շարունակում են նվազել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական շրջանի տնօրեն Զուզաննա Ջակաբն ասել է, որ Արևելյան Եվրոպայում ներարկումների պատճառով նոր վարակակիրների 77 տոկոսի երկու երրորդի մոտ վիրուսը ուշ է հայտնաբերվել․ դա նշանակում է, որ զարգացած հիվանդության բուժումը շատ ավելի թանկ է, և հավանական է, որ նրանք մահանան:

Զեկույցը նշում է, որ իմունային անբավարարության վիրուսով վարակվածների մեջ մեծամասնությունը 30-39 տարեկան մարդիկ են: Նոր վարակակիրները ամենաշատը Ռուսաստանում և Ուկրաինայում են:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ 2013 թվականի վերջին իմունային անբավարարության վիրուսով ամբողջ աշխարհում 35 միլիոն մարդ կար վարակված, այդ թվում 2 միլիոն 100 հազարը տարվա ընթացքում արձանագրված նոր վարակվածներ են:

XS
SM
MD
LG