Մատչելիության հղումներ

Բյուրեղավանի գիշերօթիկի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը՝ կալանավորում


Բյուրեղավանի գիշերօթիկը, նոյեմբեր, 2014թ․

Բյուրեղավանի գիշերօթիկը, նոյեմբեր, 2014թ․

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում երեկ մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գայանե Մարգարյանը, զբաղեցնելով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրենի պաշտոնը, «առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա. Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների, արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա և ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները»:

«Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ. Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ. Մարտիրոսյանի և կադրերի գծով տեսուչ Ա. Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին և ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, և Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու համար:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Գայանե Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատիժը ազատազրկումն է՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG