Մատչելիության հղումներ

logo-print

«Իմ սիրելի Լեյլա, խնդրում եմ, մի՛ մահացիր». Բաց նամակ ադրբեջանցի իրավապաշտպանին


Դատապարտված ադրբեջանցի իրավապաշտպանի վիճակը բանտում կտրուկ վատացել է։

«Իմ սիրելի Լեյլա, խնդրում եմ, մի՛ մահացիր», - այսպես է ավարտում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն իր բաց նամակը՝ անազատության մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին, ում առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է:

Շուրջ 10 տարի Յունուսի հետ տարբեր մեդիա ծրագրեր իրականացրած Լաուրա Բաղդասարյանը երկար ժամանակ հրապարակավ չէր արտահայտվում՝ գիտակցելով, որ Հայաստանից հնչող յուրաքանչյուր խոսք կամ աջակցություն Բաքվում կարող է վատթարացնել հայրենիքի դավաճանության և հայերի օգտին լրտեսության մեջ մեղադրվող կնոջ վիճակը:

Սրանից ավելի վատ չի կարող լինել. Յունուսը արդեն հազվադեպ է բանտից իր մասին լուր հաղորդում, վերջին անգամ նա կասկած է հայտնել, որ Նոր տարին ինքը դժվար թե դիմավորի։ «Այլևս իմաստ չունի ներսում պահել ողջ ցասումը», - բաց նամակում գրել է Լաուրա Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի իշխանությունները ցանկանային պարզապես վերջ դնել հայ-ադրբեջանական հասարակական շփումներին, ծրագրերին, ապա կարող էին դա այլ կազմակերպություններից սկսել. Լեյլա Յունուսը ավելի շատ հայտնի էր իբրև ներքին խնդիրներով մտահոգ իրավապաշտպան:

Ըստ Բաղդասարյանի, սա ցուցադրական պատիժ է. - «Ինչպես ժամանակին մարդկանց այրում էին խարույկի վրա, հավաքվում էր հրապարակը և բոլորը վախենում էին, որ հանկարծ մենք չհայտնվենք այդ սյունին գամված և չայրվենք, նույն զգացումները հիմա ունեն մարդիկ Ադրբեջանում, որոնք ուղղակի իմանում են, թե ինչ են անում այդ կնոջ հետ և ուղղակի սա դաս է նրանց համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Միջազգային հանրությունը դատապարտել է իրավապաշտպանների ազատազրկումը Ադրբեջանում, սակայն արդյո՞ք լոկ դատապարտումը բավարար է: Լաուրա Բաղդասարյանի կարծիքով, բանտարկված իրավապաշտպանները միջազգային արժեքների հանդեպ ունեցած հավատի գերին են:

«Հավատացել են, որ քաղաքակիրթ լինելը, արդարությունը, բաց հասարակությունը, արդար դատավարությունը կարևոր արժեքներ են լինելու Ադրբեջանի համար, և հանկարծ բախվել են այն բանի հետ, որ այն ուժերը, այն եվրոպական կառույցները, որոնք այդ ամենի ջատագովն են, հանկարծ հանդուրժել են վեց ամիս շարունակ Ադրբեջանին, որն այդ օրերին իրենց ճնշում էր, ղեկավարելու իրենց կառույցի ենթաբաժինը, ասենք ՝ Նախարարների խորհուրդը», - ասաց Բաղդասարյանը։

Ըստ նամակի հեղինակի, էներգակիրներով հարուստ երկրների համար գործում են խաղի այլ կանոններ, Ադրբեջանի իրավապաշտպանները հայտնվել են այս երկակի ստանդարտների արանքում գտնվող անօդ տարածության մեջ։

«Նրանցից պահանջվում է ընդամենը էն կովի պես կաթ տալ և վերջ, հիմա այդ կովը կտրորի ձեր ցանած խոտը, ձեր աճեցրած փոքրիկ ծիլերը, այդ երկրում, որ ժողովրդավարություն է կոչվում, թե այդ կովն ինչ կանի, դա կարևոր չի, ձեզ միայն կաթն է հետաքրքրում», - ասաց Բաղդասարյանը։

«Արիֆ և Լեյլա Յունուսները կալանավորվեցին մեկ շաբաթվա տարբերությամբ՝ օգոստոսի սկզբին: Հենց օգոստոսից հայ ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ լարվեց: Բայց չէ՞ որ մենք հենց դրա դեմ էինք հանդես գալիս», - Լեյլա Յունուսին ուղղված իր բաց նամակում գրել է Լաուրա Բաղդասարյանը՝ ցավով նշելով, որ չստացվեց, ավելին՝ իրավիճակը գնալով վտանգավոր է դառնում։

«Ես շատ մեծ վտանգներ եմ տեսնում այս ամենի մեջ, ես կարծում եմ, որ սրանով ավարտվելու է հետպատերազմյան մի մեծ փուլ, որի ընթացքում հայ և ադրբեջանական կազմակերպությունները փորձում էին ինչ-որ կոնտակտներ ստեղծել, պահել, զարգացնել, ծավալել և այլն», - ասաց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG