Մատչելիության հղումներ

Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և խարդախության մեջ։

Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աշոտ Վարդանյանը, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Դատախազությունը նաև պնդում է, որ Վարդանյանը դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու գյուղի «Գառնու ձոր» տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և կասեցնելու հողատարածքի ինքնակամ զավթումը:

Վարդանյանը նաև նույն գյուղի բնակչին համայնքի սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով՝ խաբեությամբ նրանից վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն, ասված է հաղորդագրությունում:

Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իսկ հարուցված քրեական գործում Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG