Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը, հակադարձելով որոշ տնտեսագետների, կիսում է Կենտրոնական բանկի գնահատականն այն մասին, թե դրամի վերջին օրերի արժեզրկումը կնպաստի տնտեսական աճին։

«Փոքր բիզնեսի համար սա ինչ-որ իմաստով նպաստավոր կլինի, դա կօգնի նաև հատկապես խոշոր արտահանողներին, որոնք խոշոր գործատու են, ուստի այս տեսանկյունից կնպաստի տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանն ու նաև աղքատության հաղթահարմանը», - մեկնաբանում է նա:

Տնտեսագետների մի մասը մտահոգություն է հայտնում, թե դրամի արժեզրկումը կբերի բնակչության կենսամակարդակի անկմանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Սանչեսը, սակայն, կարծում է՝ տրանսֆերտներից մեծապես կախված հայաստանցիների համար սա դրական ազդեցություն կունենա։

«Դրամական փոխանցումներ կամ մասնավոր փոխանցումներ ստացողները ավելի շատ դրամ կունենան սպառելու համար», - ասում է նա:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, այդուամենայնիվ, կիսում է մտահոգությունները, որ դրամի արժեզրկման արդյունքում որոշ ապրանքներ ու ծառայություններ կարող են թանկանալ։

«Որոշ ապրանքներ, որոնք ներմուծվում են Ռուսաստանից կամ այլ երկրներից, հնարավոր է ավելի թանկանան, որովհետև համարժեք դրամով արտահայտված նրանց գինը ավելի բարձր կլինի, բայց մինչ այժմ արժեզրկումը մեծ չի եղել», - ասում է նա:

Սանչեսը կարծում է, որ բացասական ազդեցությունները զսպելու համար կառավարությունը որոշակի գործիքներ ունի, որոնք էլ կիրառելով՝ կկարողանա օգնել աղքատներին։ Օրինակ է բերում՝ հուլիսին Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո նպաստառուներին հատկացվող գումարներն ավելացրեց։

«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա Կառավարությունը նման ծրագրերի միջոցով կարող է մեղմել բացասական ազդեցությունները, որ դրամի արժեզրկման հետևանքով կարող են տեղի ունենալ», - ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը։

Այն հարցին, թե որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք վերջին օրերին բերեցին դրամի արժեզրկմանը, Սանչեսը առանձնացրեց Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը, ինչպես նաև դոլարի ուժեղացումը՝ պայմանավորված ԱՄՆ տնտեսության արագ աճով։

«Իհարկե, դրանց մեջ խոշոր գործոններից մեկը ռուսական ռուբլու արժեզրկումն է։ Սա պայմանավորված է մի կողմից ռուսական տնտեսության նկատմամբ վստահության պակասով, ինչպես նաև կապիտալի արտահոսքով, բայց նաև ԱՄՆ դոլարի ուժեղացմամբ», - ասում է նա:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը, չնայած չի կարող կանխատեսումներ անել, թե կշարունակի՞ արժեզրկվել հայկական դրամը, այդուհանդերձ, կարծում է, որ Հայաստանի կառավարությունը ունի անհրաժեշտ հնարավորությունները «կլանելու այն հնարավոր ցնցումները, որոնք հետագայում կարող են առաջանալ»։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի ապագային, Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանը հիմնական ուշադրությունը պետք է սևեռի ոչ միայն այդ, այլև Եվրամիության ուղղության վրա՝ սերտացնելով հարաբերությունները երկու կողմի հետ էլ:

«Շատ դժվար է, իհարկե, բայց անհնար չէ», - շեշտեց Սանչեսը։

XS
SM
MD
LG