Մատչելիության հղումներ

Սամասթը խոստանում է նոր մանրամասներ բացահայտել Դինքի սպանության գործով


Թուրքիա - Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ՝ ոստիկանների ուղեկցությամբ, հուլիս, 2008թ․
Թուրքիա - Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ՝ ոստիկանների ուղեկցությամբ, հուլիս, 2008թ․

Դեռ երկու տարի առաջ նա պնդել էր, որ «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը «լավ կազմակերպված, երեք փուլից բաղկացած գործողություն էր»:

Չի բացառվում, որ մոտ ապագայում Հրանտ Դինքի սպանության գործում նոր մանրամասներ ի հայտ գան, որոնք կարող են արմատապես փոխել «Ակոս»-ի խմբագրի` 2007 թվականի հունվարին տեղի ունեցած սպանության մասին այսօր առկա պատկերացումները:

Թուրքական մամուլի տեղեկություններով, Դինքի սպանության անմիջական հեղինակը` Օգյուն Սամասթը, որոշել է նոր ցուցմունքներով հանդես գալ:

«Կոջաելի գավառի Քանդիրա քաղաքի ուժեղացված հսկողությամբ բանտում գտնվող Սամասթը հատուկ նամակով դիմել է գործի քննությունը վարող դատախազին` խոստանալով Դինքի սպանության մասին նոր մանրամասներ բացահայտել», - գրում է թուրքական անգլալեզու Hurriyet Daily News-ը, հավելելով, որ Սամասթի նամակից որոշ հատվածներ է հրապարակել ամենաազատականի համբավ ունեցող թուրքական պարբերականներից մեկը` Taraf-ը, նոյեմբերի 25-ի համարում:

Թերթի տեղեկություններով՝ դեռ երկու տարի առաջ Սամասթը պնդում էր, որ Դինքի սպանությունը «լավ կազմակերպված, երեք փուլից բաղկացած գործողություն էր»:

«Կա մի դրվագ, որի շուրջ ես մինչ օրս որևէ պարզաբանմամբ ոչ մի տեղ հանդես չեմ եկել` ներառյալ դատական նիստերը: [Դինքի] սպանությունից երեք ամիս առաջ ես մի անձնավորության հանդիպեցի, մենք միասին թեյ խմեցինք: Ես պատրաստ եմ պատմել, թե ով էր այդ մարդն ու ինչ առնչություն ուներ նա Հրանտ Դինքի սպանությանը», - Սամասթի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Հիշեցնենք՝ Տրապիզոնում գործող ազգայնական կազմակերպություններից մեկի անդամ Օգյուն Սամասթը Դինքի սպանության ժամանակ 17 տարեկան էր: Դա էր պատճառը, որ նրա դատավարությունն ընթացավ անչափահասների գործով դատարանում, որն էլ Սամասթին դատապարտեց 22 տարվա ազատազրկման:

Ուշագրավ է, որ Դինքի սպանության հեղինակը նոր ցուցմունքներով հանդես գալու պատրաստակամություն հայտնեց այն բանից հետո, երբ նոյեմբերի կեսերին թուրքական կառավարության պաշտոնաթերթում հրապարակվեց Դինքի իրավահաջորդների ներկայացրած հայցով Սահմանադրական դատարանի կայացրած վճռի ամբողջական տեքստը: Դրանում երկրի բարձրագույն դատական ատյանը պնդում է, որ Հրանտ Դինքի ընտանիքի անդամների իրավունքները խախտվել են, քանի որ «Ակոս»-ի խմբագրի սպանության գործով քննությունը անարդյունավետ ընթացք է ունեցել: Բացի այդ, Թուրքիայի Սահմանադրական դատարանը պնդում էր, որ դատախազությունը սպանված լրագրողի ընտանիքի անդամներին պատշաճ կարգով չէր տեղեկացնում հետաքննության ընթացքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG