Մատչելիության հղումներ

Գործարար համայնքի ներկայացուցիչը վտանգավոր է համարում դրամի կտրուկ արժեզրկումը


Դրամի կտրուկ արժեզրկումը վտանգավոր է գործարար հանրության համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Վերջին օրերին արժեզրկվող դրամը այս երկուշաբթի կտրուկ անկում գրանցեց՝ մեկ օրում Հայաստանի արժույթը էժանացավ մոտ 4 տոկոսով:

Նման կտրուկ արժեզրկումից հետո Կենտրոնական բանկը հայտարարեց, թե «դրամի փոխարժեքի ճշգրտումը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը»:

«Շուկայի համար կայուն և լողացող կուրսն է, եթե արժեզրկում է լինում, լինի 1-2 տոկոսով երեք ամսվա ընթացքում, բայց այդ թռիչքը միշտ վտանգավոր է նաև բիզնեսի համար, որովհետև ներքին շուկայում բոլոր հաշվեապրանքագրերը դրամով են և այստեղ արժեզրկում է գնում»,- ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահին:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի հայտարարությանը՝ Արսեն Ղազարյանը նշեց.- «Նրանց վերլուծությունները բավական խորքային են և հեռանկարի մեջ են տեսնում։ Մենք՝ որպես գործարարներ, միշտ կողմ ենք եղել, որ կանխատեսելի և կայուն լինի։ Այնպես չլինի, ինչպես 2009 թվականի մարտի 2-ին, մի օրում 40 դրամից ավելի արժեզրկում եղավ և ազգային դրամի հանդեպ վստահությունը կորավ նույնիսկ»։

«Մեր դրամի իրական արժեքը, մասնագետների կարծիքով, պետք է ավելի արժեզրկված լինի, քան այսօր է։ Չեմ կարող ասել՝ կոնկրետ որքան լինի, բայց մասնագետներն ասում են, որ պետք է ավելի արժեզրկված լինի, որպեսզի լինի բնականոն հարաբերակցության մեջ։ Բայց ունենք այն, ինչ ունենք, տարիներ շարունակ ամրացրել ենք դրամը։ ԿԲ-ն տարիներ առաջ իրականացնում էր քաղաքականություն, որպեսզի դրամը կայուն մնա՝ 300-370 սահմանագծում, այսօր ունենք արդեն 425-435, չի բացառվում, որ նորից արժեվորվի, շուկան ցույց կտա։ Փաստն այն է, որ դրամավարկային շուկայում ցանկացած տատանում տնտեսության վրա ազդում է բավական արագ կերպով, գնաճի վրա է ազդում և սպառողական շուկայի հնարավորության վրա»,- ամփոփեց Ղազարյանը։

XS
SM
MD
LG