Մատչելիության հղումներ

Բրիդլով. «Ուկրաինայի ինքնիշխանությունն անմիջական վտանգի տակ է»


ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը պատասխանում է լրագրողների հարցերին, Կիև, 26 նոյեմբերի, 2014թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը պատասխանում է լրագրողների հարցերին, Կիև, 26 նոյեմբերի, 2014թ.

ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և միջազգային համայնքը սատարում են Կիևին։

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանի մոտ 8-10 գումարտակ է պահում

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն այսօր Կիևում ասել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը հայտնվել է Ռուսաստանի անմիջական վտանգի տակ։

«Ուկրաինայի ինքնիշխանության պահպանումը Կիևի ղեկավարության առաջնահերթությունն է, և միջազգային համայնքն անվերապահորեն դրան աջակցում է»,- ասել է գեներալը։

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և միջազգային համայնքն այդ հարցում սերտորեն համագործակցում են Ուկրաինայի հետ։

Գեներալն այսօր խոսել է նաև Ղրիմի մասին, ասելով, որ կա մտահոգիչ երկու գործոն. Ղրիմն ապօրինաբար է գրավված, և այնտեղ գտնվող ռազմական ուժը սպառնում է սևծովյան ամբողջ տարածաշրջանին։

Բրիդլովի փոխանցմամբ, Ռուսաստանն Ուկրաինայի սահմանի մոտ է պահում 8-10 գումարտակ։ Դոնբասի ռուս անջատականների ընտրությունների օրերին ռուսական բանակն այնքան է մոտեցել, որ սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է հայտնվել, այդպես ռուսները հասկանալ են տվել, որ իրենք են երաշխավորում այդ ընտրությունների անցկացումը։

ՆԱՏՕ-ի հրամանատարի խոսքերով՝ բուն Ուկրաինայում ռուսներն ունեն ստորաբաժանումներ, որոնք ղեկավարում և մարզում են անջատականներին։

«Նոր պատժամիջոցներն անխուսափելի կլինեն»

Ռուս-ուկրաինական լարվածության մասին երեկ խոսել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ասել է, թե տնտեսական նոր պատժամիջոցներն անխուսափելի կլինեն, եթե Մոսկվան չփոխի դիրքորոշումը։

«Մենք անդադար փորձում ենք դիվանագիտական լուծումներ գտնել, բայց, դժբախտաբար, Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է կանցլերը։

«Վլադիվոստոկի» և «Սևաստոպոլի» փոխանցումը նորից հետաձգվեց

Ռուսաստանի պատվերով կառուցված Mistral տեսակի «Սևաստոպոլ» նավը, Սեն-Նազերի նավաշինական կենտրոն, Ֆրանսիա, 24 նոյեմբերի, 2014թ.
Ռուսաստանի պատվերով կառուցված Mistral տեսակի «Սևաստոպոլ» նավը, Սեն-Նազերի նավաշինական կենտրոն, Ֆրանսիա, 24 նոյեմբերի, 2014թ.

​​Ֆրանսիան արդեն երկրորդ անգամ է հետաձգում Մոսկվայի պատվերով կառուցած «Միստրալ» տեսակի ավիակիրների հանձնումը ռուսներին։ Պատճառը Ռուսաստանի ագրեսիան է Ուկրաինայում։

Ուղղաթիռներ փոխադրող «միստրալներից» մեկի ռուսական անունը կլինի «Վլադիվոստոկ», երկրորդի անունն առավել խորհրդանշական տրամադրություն է հայտնում գործարքին` «Սևաստոպոլ»։

Նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հայտարարել է, թե «Ուկրաինայում այսօր առկա կացությունն անհնարին է դարձնում «միստրալներից» առաջինի փոխանցումը Ռուսաստանին»։

Մոսկվան պնդում է, որ Փարիզը թանկ գին է վճարելու պայմանագիրը խախտելու համար։

«Ֆրանսիան փոխհատուցելու է մեր կրած վնասները և վերադարձնելու է կանխավճարը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը։

Ավիակիրների գործարքի մասին է խոսել նաև Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը։

«Եթե դա է լինելու [Փարիզի] վերջնական որոշումը, ապա Ֆրանսիայի վճարելիք գումարն ավելի մեծ կլինի «միստրալների» գնի համեմատությամբ»,- ասել է դիվանագետը։

Վերլուծաբանները նշում են, որ արևմտյան դաշնակիցները ֆրանսիացիներին հորդորում են չփոխանցել ավիակիրները ռուսներին։

Այս տարվա սեպտեմբերին Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը կստանա մարտական նավերն այն դեպքում, եթե կատարվեն Ուկրաինայում իրավիճակի կայունացման հարցով մինսկյան պայմանագրի դրույթները, որոնց համաձայն Մոսկվան պետք է դադարեցնի աջակցությունը Դոնբասի անջատականներին և նպաստի հակամարտության քաղաքական կարգավորմանը։

«Միստրալ» տեսակի ավիակիրը կարող է փոխադրել 16 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 13 հրասայլ և 450 զինվոր։ Ռուսաստանը 2010 թվականին է երկու «միստրալ» պատվիրել, գործարքի գինը 1.5 միլիարդ եվրո է։

Ֆրանսիացիները բարդ վիճակում են հայտնվել, քանի որ նավերը չփոխադրելու դեպքում մեծ տուգանք կվճարեն, նրանք չեն կարող նավերը վաճառել որևէ երրորդ երկրի, քանի որ դրանց վրա ռուսական սարքավորումներ են տեղադրված։

«Մենք առանց այդ «միստրալների» կապրենք, բայց ֆրանսիացիները դրանց հետ ի՞նչ են անելու, դրա համար էլ համոզված ենք, որ ի վերջո կստանանք մեր նավերը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, ով «Ֆրանսպրես» գործակալությանը խնդրել է չնշել իր անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG