Մատչելիության հղումներ

Համատեղությամբ աշխատող դասախոսների սոցիալական վճարների խնդիրը դեռ չի լուծվում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի վրա արդեն ավելի քան 3 ամիս գլուխ կոտրող ֆինանսների նախարարությունը մինչև օրս չգիտի՝ ինչպես լուծել համատեղությամբ աշխատող դասախոսներից կրկնակի սոցիալական վճար գանձելու հարցը:

Սեպտեմբերից պետական այրերը պնդում էին՝ հարցը տեխնիկապես է լուծվելու, սակայն երկու շաբաթ առաջ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդունեց, որ թերևս նաև օրենսդրական փոփոխություններ են պետք: Օրինագիծը Սահմանադրական դատարանում վիճարկող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուրախ է, որ կառավարության անդամները ի վերջո հասկացան դա, սակայն սեփական խոսքին տեր կանգնելու համար գոնե մի բան պետք է արվի մինչև տարեվերջ:

«Անկախ նրանից՝ երբ է կատարվելու այդ փոփոխությունը օրենքում, նկատի ունեմ մինչև դեկտեմբերի 25-ը, թե հաջորդ նստաշրջանի սկզբում, սա տարածվելու է նաև անցած ժամանակահատվածի վրա, և հիմա դասախոսները կարող են դիմումը գրել, ու մենք պարտավորվում ենք թեկուզ խախտելով էլեկտրոնային հաշվետվությունների կարգը և դասախոսներից չգանձել այդ գումարները, ես կարծում եմ՝ կարճաժամկետ առումով կարող է լուծում դիտվել»,- ասաց Մինասյանը։

Չնչին ցանկության դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, կառավարությունը շատ կարճ ժամանակում կարող է լուծել խնդիրը, որի պատճառով արդեն մի քանի տասնյակ երիտասարդ դասախոսներ լքել են բուհերը: Կառավարությունը կարող է հրատապ ճանաչել այս հարցը, ի վերջո, հնարավոր է նաև արտահերթ նիստ հրավիրել, ավելացնում է պատգամավորը՝ թվարկելով մինչև դեկտեմբերի 25-ը՝ սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու վերջնաժամկետը, խնդիրը լուծելու այլ տարբերակներ:

«Բայց դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական մեծամասնությունը դա նախաձեռնի։ Այս դեպքում արդեն փոքրամասնությունը կազմող պատգամավորների չպետք է լինի, որովհետև դա կդիտվի որպես իրենց բոստանը մտնելու գործողություն։ Քանի որ իրենք հայտարարության հեղինակը, իրենք են ուզում մեր երիտասարդ գիտնականներին ու դասախոսներին լավ երևալ, ճիշտ կլինի, որ իրենք այդ գործողությունը անեն»,- ասաց Մինասյանը։

Սոցիալական վճարների կրկնակի գանձման պատճառով Գիտությունների ազգային ակադեմիան լքած գիտնական Գրիգոր Պետրոսյանը կարծում է, որ պետական այրերը խնդրի լուծումը միտումնավոր են ձգձգում են՝ հերթական ծուղակն է պատրաստվում:

«Եղել է դեպք, որ վերջին օրը մարդիկ պարզապես չեն հասցրել դիմումներ գրել հրաժարվելու համար»,- ասաց Պետրոսյանը։

Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Վահագն Դալլաքյանը, որ դեռևս չի հեռացել բուհից, որպես իրավաբան գիտի՝ խնդրի լուծումը մեծ ջանքեր չի պահանջում։ Նա հույս ունի , ոչ մինչև դեկտեմբերի 25-ը դա կհասկանան նաև պետական համակարգում աշխատող իրավաբանները։

«Քաղաքական հայտարարություններ վարչապետի, կառավարության կողմից եղել է և չեմ պատկերացնում՝ եթե խնդիրը չպետք է լուծվեր, ինչու էր պետք անել նման հայտարարություններ»,- ասաց Դալլաքյանը։


Մինչդեռ «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման անդամ Արսեն Մանուկյանը այլևս ոչ մի հույս չի կապում կառավարության հետ․ ըստ նրա՝ իշխանությունները միայն խոսքեր են շռայլում, վարչապետն էլ սեփական PR-ով է զբաղված: Ակտիվիստը վստահ է՝ միակ ճանապարհը պայքարելն է, փողոց դուրս գալը, ինչն այսօր տեղի չի ունենում. նոր օրենքը մի քանի խմբի բաժանեց հանրությանը, մի մասը համակերպվեց, մեկ այլ մասը սեփական պահանջները բավարարեց ու տուն գնաց, իսկ մյուսներն էլ սպասում են:

«Սպասելը պարզապես տանում է դեպի ծուղակ։ Անգլերեն ասում են՝ nothing personal, just business: Ամսի 25-ից հետո կասեն՝ ներողություն, ինչ-որ փաստեր կբերեն, թե ինչու չստացվեց դա անել, դասախոսներն էլ արդեն փաստորեն հայտնված կլինեն ծուղակում»,- ասաց Մանուկյանը։

Ի դեպ, պետական բուհերի ռեկտորները արդեն երկրորդ անգամ են խնդրով դիմել վարչապետին։ Գործադիրը դեռևս չի արձագանքել:

XS
SM
MD
LG