Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի համոզմամբ՝ ուղղաթիռի կործանման հանգամանքները պետք է պարզել քրեական գործով


Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է անցկացնում պարզելու հայկական ուղղաթիռի կործանման հանգամանքները:

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մինչդեռ համոզված է, որ դեպքի առթիվ պետք է քրեական գործ հարուցել։ Մասնավորապես, ըստ Սեֆիլյանի, քննությունը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով էր ուղղաթիռն այդքան մոտեցել հակառակորդի սահմանին։

«Ինչո՞ւ էր որոշված այդ երթուղին, ո՞վ է այդ բարձրաստիճան զինվորականը, որ հաստատել է այդ երթուղին, ինչո՞ւ մինչ այսօր քրեական գործ չի հարուցվել։ Այստեղ, իմ համոզմամբ, հանցակազմ կա, և ուշ, թե շուտ պետք է բացահայտվի և պատժվի մեղավորը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սեֆիլյանը։

Չբացելով փակագծերը՝ Շուշիի գումարտակի հրամանատարը շեշտում է՝ ինչ-որ դավադրություն, այնուամենայնիվ, եղել է.- «Այն հանգամանքը, որ հակառակորդը սպասում էր մեզ, որ մենք խախտենք սահմանը, ինձ համար հստակ է։ Ես այստեղ տեսնում եմ ինչ-որ դավադրություն, իրավունք ունեմ կասկածելու, դրա համար պիտի լուրջ քննություն անցկացնեն»։

Այն, որ քննություն անցկացվելու է, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կասկած չունի, ասում է՝ բոլոր հանգամանքները կպարզվեն.- «Բանակում ընդունված կարգ է, արտակարգ դեպքերից հետո անպայման անցկացնել հետաքննություն, ստուգումներ, և դրանից ելնելով՝ Հայաստանը համապատասխան դիմում կներկայացնի ԵԱՀԿ-ին»։

Շիրխանյանը, սակայն, դեմ է պնդմանը, թե անպայման պետք է քրեական գործ հարուցել: Պաշտպանության նախկին փոխնախարարը որևէ արտառոց բան չի տեսնում, որ ուղղաթիռը կարող էր անարգել մոտենալ սահմանին։

«Իսկ ինչո՞ւ չէ, զորավարժություններ են... հետաքննությունը պետք է պարզի բոլոր հանգամանքները, եթե կան մեղավորներ հայկական կողմում, վստահ եմ, որ նախարարը կպատժի նրանց։ Բայց հզոր զորավարժություններ են եղել, և հասկանալի է մասնակիցների, հատկապես սպաների ոգևորությունը։ Այնպես որ այդտեղ կան շատ նյուանսներ, որոնց եթե չես տիրապետում, եզրակացություն անել պետք չէ»,- ասաց նախկին փոխնախարարը։

Ժիրայր Սեֆիլյանի համար կասկածելի է տեսակետը, թե զորավարաժություններին մասնակցող ուղղաթիռը մոլորվելով է մոտեցել չեզոք տարածքին։

«Երկու ուղղաթիռ էին թռչում նույն գծով, այսինքն երկուսի սխալվելու հավանականությունը մի քիչ բարդ է, այն դեպքում, երբ թռչում էին շատ ցածր և տեսանելիությունը պարզ էր։ Եվ ես չեմ կասկածում մեր օդաչուների մասնագիտական հմտություններին։ Այսինքն պարզ աչքով երևում էր, որ մերոնք հատել էին մեր խրամատների գիծը և մտել էին չեզոք գիծ։ Չէին հատել հակառակորդի գիծը»,- ասաց նա։

Սեֆիլյանն ասում է՝ այսպիսի դեպքերում, ըստ կարգի, հակառակորդը նախ զգուշացնում է, հետո նոր դիմում գործողությունների: Իսկ թե ինչու ադրբեջանական զինուժը համարձակվեց խոցել հայկական ուղղաթիռը, ըստ նախկին զինվորականի, պարզ է՝ Բաքվում լավ գիտեն, որ պաշտոնական Երևանը որոշում ունի չվերսկսելու պատերազմը։

«Միայն այս հանգամանքը բավարար է, որ հակառակորդը լինի լկտի և սանձարձակ՝ վստահ լինելով, որ ինչ էլ անի, մեկ ուղղաթիռ, թե տասը ուղղաթիռ խփի, մեկ է՝ այսօրվա Հայաստանի ղեկավարությունը չի համարձակվելու հարձակվել, պատժել»,- ասաց Սեֆիլյանը։

Վահան Շիրխանյանը շարունակում է՝ պատերազմ չէ, բայց Հայաստանը պետք է ամենայն խստությամբ պատժի Ադրբեջանին, ոչ թե համաչափ, այլ շատ ավելի ուժեղ՝ լինի դա իրենց ոճով, թե դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով.- «Մենք պետք է հասնենք այն բանին, որ ԵԱՀԿ-ն, որը հավասար չափով պատասխանատու է իրավիճակի կայունությունը պահպանելու համար, հայտարարի, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, անհուսալի է միջազգային հարաբերություններում, և ընդունի համապատասխան բանաձև»։

Ժիրայր Սեֆիլյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ շուրջ տասը օր աճյունները բաց երկնքի տակ էին, Մինսկի խումբը միայն անտարբեր հայտարարություններ էր անում։

«Նրանք գիծ են քաշել Հայաստանի վրա, ասում են՝ դուք ո՞վ եք, որ մենք ձեզ հետ խոսենք, դուք գնացել, տեր եք գտել, մենք միանգամից այդ տերերի հետ ենք խոսում»,- ասաց Սեֆիլյանը։

XS
SM
MD
LG