Մատչելիության հղումներ

ԱԺ անվտանգության ծառայության պետի արարքում «հանցակազմ չկա»


Միջադեպի պատճառ հանդիսացած պաստառը
Միջադեպի պատճառ հանդիսացած պաստառը

Հատուկ քննչական ծառայության կարծիքով Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող Կարեն Հայրապետյանը «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին չի ծեծել, չի խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը, նրա գույքը դիտավորությամբ կամ անզգուշորեն չի վնասել:

Հատուկ ծառայությունների աշխատակցի գործողություններում հանցակազմ չտեսնելով՝ Քննչական ծառայությունը կարճել է քրեական օրենսգրքի չորս հատկանիշներով հարուցված գործը:

Քննչական ծառայությունն իր հերթական խայտառակ որոշումն ընդունեց, իրական հանցագործությունը կոծկող որոշում, կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

«Ավելի ակնհայտ խոչընդոտում վերջին ժամանակներին երևի թե չէր եղել, չնայած նախադեպեր շատ կան: Դա ամբողջովին նկարահանված է, դրված է համացանցում և այն մարդիկ, որոնք չեն հավատում, որ այստեղ հանցագործություն է եղել, պետք է իրենք իրենց հարց տան՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ դա որակվի լրագրողական գործունեության խոչընդոտում կամ ֆիզիկական ուժի գործադրում», - հարցնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի դարպասներից դուրս գալով, նախ վրդովված պոկել էր «Հակահարված» խմբի անդամների՝ «Բարև, Ռոբ» գրությամբ պաստառը: Այնուհետև, շարժվելով ակցիան նկարահանող «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի ուղղությամբ, հարվածել նրան և ձեռքի նկարահանող սարքը նետել գետին:

Հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ արդեն մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն հոկտեմբերի 7-ին Հայաստանի գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Այժմ էլ, փաստորեն, հարուցված քրեական գործը կարճվեց:

«Սա աննորմալ երևույթ է և ունենալու է շարունակություն: Մենք բողոքարկելու ենք այս ամեն ինչը, բողոքարկելու ենք մինչև վերջ և մինչև պատիժ չկրի մեղավորը, մենք չենք հանգստանալու», - ասում է «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, - «Այստեղ ոչ թե մեր աշխատակցի խնդիրն է դրվում առաջին պլանի վրա, այլ հիմնախնդիր է բարձրացվում՝ վերջապես ե՞րբ է Հայաստանը խելքի գալու իր դատաքննչական մարմինների հետ միասին»:

Մովսեսյանը չի ընդունում Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի այն հակափաստարկը, թե չի իմացել, որ նկարահանողը լրագրող է:

«Ի՞նչ է կատարվում՝ ցանկացած մարդ կարող է հարձակվել անցորդի վրա, հասցնել հարված, խոչընդոտել նրա ազատ տեղաշարժը փողոցո՞ւմ», - հարցնում է նա:

Իրավապահ մարմնի որոշումը պետք է վերանայվի, համոզված է Աշոտ Մելիքյանը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստ է սատարել լրագրողին բողոքարկման գործում:

«Եթե իրավապահ մարմինները, մասնավորապես՝ դատախազությունը արժանի գնահատական չտա այս որոշմանը, կարծում եմ, որ գործը կարող է գնալ դատարան: Եթե դատական երեք ատյաններում էլ հաջողության չհասնի հեռուստաընկերությունը և լրագրողը, ապա գործը պետք է գնա Եվրոպական դատարան: Սա աղաղակող փաստ է և պետք է արժանի գնահատական ստանա», - ասում է նա:

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով մտահոգ է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Դեռ սեպտեմբերի վերջին Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ ոտնձգություններ կատարած անձանց և վերջ դնել անպատժելիության մթնոլորտին:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց՝ միանգամից մի քանի իրավունքի խախտում է տեսնում այս գործում:

«Ես կարծում եմ այստեղ ոչ միայն բռնություն կա, այլև միջամտություն խոսքի ազատության իրավունքին, լրագրողի ծառայողական պարտականությունները կատարելուն դա խոչընդոտում էր: Եթե Հայաստանում հնարավոր չեղավ հասնել իրավունքների պաշտպանության, ապա պետք է դիմել ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնպես էլ Հայաստանի սահմանադրական դատարան: Եվրոպական դատարանը չի բացառվում՝ խնդիրը այնքան ակտուալ է, որ գուցե նաև դա ընտրվի առաջնահերթություն», - նշեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG