Մատչելիության հղումներ

Երևանի միլիոնատեր քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա 70 հազար դրամով


ԲՀԿ-ն դեմ է քաղաքապետի ու քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման որոշմանը։

Պաշտոնական հայտարարագրի համաձայն միլիոնատեր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը հաջորդ տարվա հունվարից մոտ 70 հազար դրամով կբարձրանա և կկազմի 575 հազար դրամ։

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշում ընդունվեց, որով բացի քաղաքապետի աշխատավարձից, կբարձրացվեն նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերը։

Որոշման քննարկումը թեժ բանավեճի պատճառ դարձավ. նիստին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, և փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հարցրեց, թե ո՞րն է պատճառը, արդյո՞ք ներկայիս աշխատավարձով արդյունավետ չեն աշխատում։

«Սա, մենք կարծում ենք, որ ուղիղ վերաբերվում է աշխատանքի արդյուանվետությանը», - պատասխանեց Նիկոյանը։

Թամար Պողոսյանը հայտարարեց, որ բարձրացման համար հատկացվող գումարը շատ մեծ է, և «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու. - «723 միլիոն 801 հազար 900 դրամով, այսինքն՝ այն եկամուտները, որ մենք ստացել ենք ավելի, ամբողջովին գնալու են միայն աշխատավարձի»։

«Ժառանգություն»-ը ներկայացնող «Բարև Երևան» խմբակցությունից Ստյոպա Սաֆարյանն էլ պնդեց՝ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված գումարով կարելի է Երևանի համար որևէ կարևոր խնդիր լուծել։

«Ես կարծում եմ՝ մենք շատ վտանգավոր ճանապարհով ենք գնում՝ խորացնելով բևեռացումը հասարակության ներսում», - ասաց Սաֆարյանը։

Զեկուցող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ընդդիմախոսներին հիշեցրեց՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը օրենքով է նախատեսված։

«Խոսքը նա է, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում աշխատավարձի բարձրացում չի եղել», - ասաց Նիկոյանը։

«Հանրապետական» խմբակցությունից էլ արձագանքեցին, որ բարձրացվելու են նաև, օրինակ, մանկապարտեզի կամ գրադարանների շուրջ 7 հազար աշխատակիցների աշխատավարձերը։ Այս թիվը շեշտեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչդեռ քվեարկության դրված որոշումը վերաբերում էր միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։

«Ովքեր հայտարարությամբ հանդես եկան, դեմ են քվերակելու այս նախագծին՝ դա ձեր իրավունքն է, բայց համոզված եղեք, որ այդ 7 հազար ընտանքիները տեսնելու են՝ ոնց եք դեմ քվեարկում», - այս հայտարարություններին այսպես արձագանքեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի արձագանքից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը խոսք խնդրեց, Տարոն Մարգարյանը բարկացավ և ասաց, որ խոսելու համար ժամանակ արդեն հատկացվել է։

Որոշումը դրվեց քվեարկության և անցավ միայն «Հանրապետական» խմբակցության կողմ ձայներով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը կրկին ձայն խնդրեց, արդեն ընդունված որոշման մասին խոսելու համար, սա կրկին բարկացրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին. - «Տիկին Պողոսյան, Օպերայում չեք գտնվում, երբ որ Օպերայում կգտնվեք, այնտեղ կխոսեք»։

Արդյունքում ԲՀԿ-ի ավագանու անդամները բոյկոտեցին նիստը և լքեցին դահլիճը։

Թամար Պողոյսանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինքն ըդամենը ցանկանում էր հիշեցնել քաղաքապետին, որ որոշմամբ միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացվում՝ մանկապարտեզների աշխատակիցների մասին որևէ խոսք չկա։

Նիստից հետո լրագողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ եթե այսօր ընդունված որոշմամբ բարձացվում է ըդամենը 1700 մարդու աշխատավարձ, ինչո՞ւ է նա ամոթանք տալիս ըդդիմադիրներին 7 հազար աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը դեմ քվեարկելու համար, Մարգարյանը, սակայն, կրկին հստակ պատասխան չտվեց և մի քանի քայլ հետ կանգնեց։ Փոխարենը քաղաքապետին լրագրողների հարցերից պաշտպանելու եկավ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ում աշխատավարձը այս որոշման արդյունքում մեկ ամսից կդառնա 443 հազար դրամ։ Նիկոյանից հետո Տարոն Մարգարյանին պաշտպանելու շտապեց նաև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով հաջորդ տարվանից կստանա արդեն 478 հազար դրամ աշխաավարձ։

Զրույցների արդյունքում պարզվեց, որ գրադարանների կամ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը առանձին են բարձրացվել և այս որոշման հետ կապ չունեին, բայց ինչպես պնդեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ ղեկավարությունը չի կարող աշխատակիցներից ցածր ստանալ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG