Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահի և Ֆրանսիայի Սենատի նախագահի հանդիպումը, Փարիզ, 25-ը նոյեմբերի, 2014թ․

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի և Ֆրանսիայի Սենատի նախագահի հանդիպումը, Փարիզ, 25-ը նոյեմբերի, 2014թ․

Փարիզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սահակյանը ասել է, որ հայ - ֆրանսիական հարաբերությունները այսօր հասել են առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջև առկա պատմամշակութային բազմադարյան կապերը: Նա նշել է, որ երկու երկրներն իրար կապող ամուր կամուրջ է նաև Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը:

Ազգային ժողովի նախագահը մեկ անգամ ևս փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ:

Սահակյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Նա մտահոգություն է հայտնել, որ նույն մոտեցումները չի կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և տարածաշրջանը պահելով լարված վիճակում:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Գալուստ Սահակյանը Ժերար Լարշեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետևողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման և դրա ընդունման հարցում:

Ֆրանսիայի Սենատի նախագահը վստահեցրել է, որ հայ - ֆրանսիական հարաբերությունների այժմյան բարձր մակարդակը շարունակելու է բարձրանալ խորհրդարանների սերտ համագործակցության արդյունքում:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանի` Օ-դը-Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ:

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, այնուհետև եղել է Երևանյան այգում, որտեղ հայ խորհրդարանականները ծաղիկներ են տեղադրել Կոմիտասի արձանի առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG