Մատչելիության հղումներ

Վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ հրաժարականի որոշումը ճնշումների արդյունք է, ոմանք էլ այն կարծիքին են, որ Հեյգելը հիասթափված է Օբամայի վարչակազմի քաղաքականությունից։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պարտականությունները երկու տարի կատարելուց հետո Չաք Հեյգելը երկուշաբթի օրը ներկայացրեց հրաժարական ու հայտարարեց, թե ինքն անցած երկու տարիները համարում է մեծ պատիվ քաղաքական կյանքում իր ամբողջ գործունեության ընթացքում։

Վերլուծաբաններից շատերն են կարծում, որ Հեյգելը հրաժարական ներկայացնելու որոշում է կայացրել իր վրա առկա ճնշումների արդյունքում։ Ոմանք այն կարծիքին են, որ նա պարզապես հիասթափված է ազգային անվտանգության հարցերում Օբամայի վարչակազմի քաղաքականությունից։

Նախագահ Բարաք Օբաման, գովեստի խոսքեր ասելով Հեյգելի հասցեին, հայտարարեց, թե նա երկրի պաշտպանական համակարգը դրել է ամուր հիմքերի վրա։

«Նա եղել է պաշտպանության օրինակելի նախարար, որը կարողացել է գերազանց կառավարել համակարգը, երբ մենք նորացնում էինք մեր ռազմավարությունը, երբ փոփոխություններ էինք իրականացնում բյուջեում, երբ կանգնած էինք «Իսլամական պետություն» խմբավորման մարտահրավերների ու էբոլա հիվանդության տարածման դեմ պայքարում», - հայտարարել է Օբաման։

Սակայն թե ինչու Հեյգելը հրաժարական ներկայացրեց հենց այս օրերին՝ դեռևս մնում է անորոշ։

Ամերիկյան մամուլի մեծաթիվ ծառայություններ կարծում են, թե Հեյգելը պարզապես հիասթափված է վարչակազմի քաղաքականությունից։

Սպիտակ տունը հայտարարում է, թե որոշումը կայացվել է ընդհանուր համաձայնության արդյունքում։

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթն է ասել, «Հեյգելի հրաժարականը տեղի է ունեցել նախագահի եւ պաշտպանության նախարարի միջև ավելի քան մեկ ամիս անցկացված զրույցների արդյունքում»։

The New York Times-ի կարծիքով, Օբաման ինքն է որոշել, որ Հեյգելը պիտի հեռանա։ Հոդվածը, առանց անուններ նշելու, մեջբերում է վարչակազմի պաշտոնատար մի քանի անձանց խոսքերն այն մասին, որ Սպիտակ տունը ցանկանում էր պաշտպանության նոր նախարար, ով կցուցաբերեր «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ հմտություններ։

Հեյգելին փոխարինելու մյուս պատճառներից մեկը կարող է լինել անցած միջանկյալ ընտրություններում երկրի նախագահի կուսակցության կրած պարտությունը։

Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին American Enterprise հաստատության վերլուծաբան Ֆիլիպ Լոհոսն է ասում, նախագահը գուցե զգացել է ազգային անվտանգության համակարգը մեծ փոփոխությունների ենթարկելու կարիք։ Բացի այդ, ասում է նա, Հեյգելը գուցե իրեն այլևս չէր զգում Սպիտակ տան անվտանգության թիմի մասնիկ։

Հեյգելը, ի դեպ, Վիետնամի պատերազմի վետերան առաջին պաշտպանության նախարարն էր։ Այդ պատճառով է, ասում են շատերը, որ նա լավ էր հասկանում զինվորական հագուստ կրող անձանց պահանջները, կարիքներն ու հետաքրքրությունները։

Նոր ղեկավարն այս պարտականությունները ստանձնելու է մի ժամանակ, երբ նախագահի անձնակազմը կանգնած է արտաքին քաղաքականության բնագավառում մեծ մարտահրավերների առջև, որոնցից գլխավորն Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի մարտավարության փոփոխությունն է։ Իսկ Հեյգելը կշարունակի կատարել նախարարի պարտականությունները մինչև նոր նախարարի նշանակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG