Մատչելիության հղումներ

Զոհված օդաչուների աճյունները «Եռաբլուր»-ում հանձնվեցին հողին


Զոհված օդաչուների աճյունները «Եռաբլուր»-ում հանձնվեցին հողին
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

«Հպարտ ենք, որ ունենք այսպիսի զինվորներ», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի համար Նոր նորքի բարձունքում գտնվող եկեղեցում տրված պատարագից հետո պատվո պահակային վաշտը զինվորական կարգի համաձայն աճյունները դուրս բերեց եկեղեցուց։ Առատ ձյան ներքո հարյուրավոր քաղաքացիներ և զինվորականներ հրաժեշտ տվեցին նրանց։ Աճյունները տեղափոխվեցին Եռաբլուր։

Լեռնային Ղարաբաղի դրոշներով ծածկված մարմինները տեղափոխեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ օդաչուներին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ զինվորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հասարակ քաղաքացիներ։ Հուղարկավորությանը ներկա ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ցավակցելով հարազատներին, հայտարարեց, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը խոցելով Ադրբեջանը լարվածությունը տեղափոխեց նոր հարթություն:

«Բաքվում պիտի ըմբռնեն, որ փորձելով մահ սփռել Լեռնային Ղարաբաղի հանրապետության հողում, ում անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իրականում հատուցման ժամն են մոտեցնում իրենց խարխուլ դիրքերին», - հայտարարեց Օհանյանը:

Անցած շաբաթ օրը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանըօդաչուներին հետմահու արիության մեդալով էր պարգևատրել։ Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը այսօր այդ պարգևները հանձնեց զոհվածների հարազատներին: 38-ամյա մայոր Սերգեյ Սահակյանի մեդալը նա հանձնեց զոհվածի անչափահաս որդիներին։

Օդաչուների մարմինները հողին հանձնվեցին զինվորական կանոններին համապատասխան։ Պատվո պահակային վաշտը աճյունները հողին հանձնելուն պես կրակ արձակեց։

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել էր օդաչուների հոգեհանգստի արարողությանը, այսօր նրա և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների անունից զոհվածների շիրիմներին ծաղկեպսակներ դրվեցին։

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առթիվ այժմ քննություն է կատարվում։ Օդաչուների դիակները հետ բերելու հատուկ գործողության ժամանակ զինվորականները նաև ուղղաթիռի որոշ մասեր էին բերել․ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի խոսքով՝ հենց այդ մասերի օգնությամբ էլ այժմ քննություն է իրականացվում, ավարտից հետո, ըստ նրա, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Գեներալը ասաց, որ Ղարաբաղի ռազմաօդային ուժերը իրենց թռիչքները չեն դադարեցնելու, իսկ այս միջադեպը իրենց համար պատերազմի մի դրվագ է։

«Ադրբեջանը իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը», - հավելեց նա:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում սպասում են քննության արդյունքներին։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց համար ամեն ինչ պարզ է, սակայն քննության արդյունքները պատրաստվում են ներկայացնել նաև միջազգային կազմակերպություններին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ հայկական ուղղաթիռների կողմից ադրբեջանական դիրքերը գրոհելու մասին՝ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը հերքելու համար:

«Մենք ապացուցելու խնդիր, որպես այդպիսին, չունենք, և կարծում եմ չկա մեկը, որ այս ամեն ինչից գլուխ հանելով, կասկածում է դրա վրա, բայց մենք պատրաստ ենք այդ ինֆորմացիան ցույց տալ, և այս հարցում մեզ օգնեցին նաև դուրս բերված սարքավորումները խոցված ուղղաթիռի», - նշեց նա:

Սահմանում միջադեպից և դիակները դուրս բերելուց հետո կրակոցները քիչ չեն․ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ առաջնագծում խիստ հսկողություն է սահմանվել։

Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր, իսկ հակառակորդը, հայկական կողմի վկայությամբ, շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, ինչի հետևանքով խոցված ուղղաթիռին մոտենալ չէր հաջողվում։ Ադրբեջանական կողմը չանսաց նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև տարբեր պետությունների հորդորներին՝ հայկական կողմին թույլ տալ ուղղաթիռի անկման վայրից տարհանել անձնակազմի անդամների աճյունները:

Ի վերջո, միջադեպից գրեթե տասն օր անց՝ նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, իրականացնելով հատուկ նշանակության գործողություն, տարհանեց ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի դին, երկու օդաչուների մասունքները և, ինչպես Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում էր նշված, ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG