Մատչելիության հղումներ

Դպրոցականների անձնական տվյալները հայտնվել են անհայտ կազմակերպության ձեռքում


«Ազատությունը» արդեն մեկ շաբաթ է բողոքներ է ստանում ծնողներից, որոնք պնդում են, թե իրենց երեխաների առողջությանը վերաբերող տվյալները հայտնվել են ինչ-որ կազմակերպության ձեռքում, որի աշխատակիցները զանգահարում և առաջարկում են բուժվել իրենց մոտ՝ որոշակի զեղչերով:

Ծնողները պատմում են, որ ամիսներ առաջ մանկավարժներն առաջարկել են հարցաթերթիկներ լրացնել, ընդ որում՝ ոչ միայն երեխաների, այլև իրենց առողջության մասին: Որևէ մեկը, սակայն, չի զգուշացրել, որ այդ տեղեկատվությունը հետագայում օգտագործվելու է կոմերցիոն նպատակներով:

Մենք այցելեցինք Երևանի թիվ 20 դպրոց, որտեղից ևս բողոքներ էինք ստացել: Դպրոցի բուժքուրը Կարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ իրենք հարցաթերթիկներ իսկապես բաժանել են, սակայն դրանց վերաբերյալ հարցեր են առաջացել անգամ իր մոտ։

«Ասացին, որ սա քաղաքապետարանի թույլատվությամբ է արվում»,- պատմեց բուժքույրը։

Առողջության, ֆիզիկական ու հոգեկան վիճակի մասին ավելի քան երկու տասնյակ հարցեր առաջադրող թերթիկը նաև դպրոցի բուժքրոջ ընտանիքում են լրացվել, զանգը չի ուշացել:

«Գնացի տուն, աղջիկս ասաց՝ մամա, զանգել էին, թե երեխային բերեք հետազոտության, 13 հազար դրամ վճարումն է, երեխան ամբողջությամբ հետազոտվում է»,- ասաց Ղազարյանը։

Դպրոցի տնօրենն ասում է՝ հարցաթերթիկներ բաժանելու թույլտվությունը տվել է քաղաքապետարանից ստացած տեղեկանքի հիման վրա, որտեղ նշված է՝ քաղաքապետարանը առարկություն չունի, որպեսզի Vision International People Group ընկերությունը դպրոցներում և մանկապարտեզներում մոնիտորինգ և անվճար խորհրդատվություններ անցկացնի:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը մեր հարցին, թե ո՞ր կազմակերպությանն է տրվել այդ թույլտվությունը և ի՞նչ նպատակով, ասաց, թե մեկ տարի առաջ կայացված որոշման մանրամասները հստակ չի հիշում, բայց վստահ է՝ հիմքեր ունեցել են։

«Անհնար է, որ առողջապահության վարչության համագործակցությամբ մեզ մոտ եկած, մեզ հետ խորհրդակցած կազմակերպությունը պատահական կազմակերպություն լինի։ Անշուշտ իրենց հետ եղել է նաև առողջապահության նախարարության կամ թույլտվություն, կամ երաշխավորագիրը»,- ասաց Աչոյանը։

Այդուամենայնիվ, Աչոյանն ընդունում է, որ այդ ոչ պատահական ընտրված կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը , հարցախույցն իրականացրել է իրեն հարմար ժամանակ ու իր ընտրած հաստատություններում:

«Մենք պիտի ասեինք այդ ժամանակացույցը և թե որ դպրոցներ պիտի մտնեին»,- ասաց պաշտոնյան։

Փաստորեն քաղաքապետարանը տեղյակ չէ, թե իրենց ենթակայության տակ գտնվող կոնկրետ որ դպրոցներում և մանկապարտեզներում է հարցում անցկացվել և դրա վերջնական նպատակը որն է եղել:

Հարցախույցն իրականացնելու թույլտվությունը ստացած Vision International People Group-ից «Ազատության» հետ զրույցում ընդհանրապես հերքեցին պնդումները, թե իրենք դպրոցներում կամ մանկապարտեզներում հարցումներ են արել:

Այս դեպքում պարզ չէ, թե ի վերջո ի՞նչ կազմակերպություն է հետաքրքրվել երեխաների առողջությամբ և ովքե՞ր են առաջարկներ անում զեղչերով բուժվելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG