Մատչելիության հղումներ

Դրամի արժեզրկումը «կհանգեցնի մարդկանց կենսամակարդակի անկմանը»


Դրամի արժեզրկումը կհանգեցնի մարդկանց կենսամակարդակի անկմանը, համոզված է «Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

«Ազատության» հետ զրույցում Գևորգյանը հիշեցրեց՝ Հայաստանը ներկրումներով ապրող երկիր է, հետևաբար եթե թանկանում է արտարժույթը, թանկանում են նաև ապրանքներն ու ծառայությունները:

«Զուտ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով մենք տարեկան ներկրում ենք 4 միլիարդ դոլարի ապրանք։ 4 միլիարդ դոլարի ապրանքը այստեղ վաճառվում է դրամով։ Ներկրողները պիտի նորից գումարը վերածեն դոլարի և տանեն նոր խմբաքանակ բերելու»,- ասաց Գևորգյանը։

Տնտեսական մեկնաբանը շեշտում է՝ եթե դոլարը թանկանում է, ներկրողները ստիպված պիտի բարձրացնեն գները՝ անհրաժեշտ քանակությամբ դոլար գնելու համար.- «Այդ 4 միլիարդի համար մենք կվճարենք ոչ թե 415 դրամով այլ 440 դրամով։ Դա դրամական արտահայտությամբ՝ պիտի բերի գների բարձրացման։ Գների բարձրացումը բերում է եկամուտների նվազման և աղքատության խորացման»։

Միայն երեկ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 4 տոկոսով։ Օրվա վերջում տարադրամի փոխանակման կետերում ամերիկյան արժույթը վաճառում էին արդեն 435 դրամով:

Երեկ աշխատանքային օրվա ավարտին հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական բանկը: «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»,- մասնավորապես ասված է բանկի տարածած հայտարարությունում:

Հայկ Գևորգյանը «փուչիկ» որակեց Կենտրոնական բանկի խոստացած տնտեսական աճը: «Քանի որ դրամն արժեզրկվել է, նույն ծավալի ՀՆԱ-ն կունենա ավելի մեծ դրամական արտահայտություն, բայց չի աճի իրական՝ դոլարային արտահայտությամբ: Այսինքն, կաճեն միայն թվերը, բայց մարդիկ ավելի լավ չեն ապրի»,- մանրամասնեց նա:

«Այնպես որ այդ հայտարարության մեջ պիտի գրված լիներ, թե ինչ բացասական հետևանքներ կունենա դրամի արժեզրկումը՝ դա գնաճն է, մարդկանց գնողունակության նվազումը, աղքատության խորացումը և այլն»,- ասաց Գևորգյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երեկ դրամի հետ տեղի ունեցածը իրեն հիշեցրեց 2009-ի մարտը, երբ մեկ օրում Հայաստանի արժույթը արժեզրկվեց շուրջ 1/3-րդով:

«Սցենարը բոլորովին նույնն էր, սկզբում Կենտրոնական բանկը սկսեց արտարժույթային ինտերվենցիաներ ավելացնել շուկա... և այդ երեք շաբաթվա ընթացքում ահռելի քանակությամբ՝ 92 միլիոն, նման տեմպեր նույնիսկ 2009 թվականին չէին գրանցվում, մեկ օրվա մեջ միայն, այսինքն երեկվա ընթացքում ԿԲ-ն 31 միլիոնի ինտերվենցիա է իրականացրել։ Նման տեմպ չկար նաև 2009 թվականին»,- ասաց Գևորգյանը։

Ի վերջո, եթե դրամի արժեզրկումը այդքան դրական է, ինչո՞ւ Կենտրոնական բանկը նախորդ երեք շաբաթներին ծախսեց ավելի քան 90 միլիոն դոլար՝ այդ արժեզրկման դեմն առնելու համար, եզրափակեց Գևորգյանը:

Երևանի փողոցներում մարդիկ մտահոգ էին։ «Մեկ ամսից արդեն Նոր տարի է, հաստատ բոլոր ընտանիքներում բյուջեն ավելի մեծ ճեղքվածք կունենա»,- ասաց մի քաղաքացի։

«Ապրանքները արդեն թանկանում են»,- նկատեց մեկ այլ երևանցի.- «Բոլորի վրա էլ կազդի»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG