Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ․ Անհրաժեշտ է գտնել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էլ շեշտում է՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցածը ողբերգություն է, որի կրկնությունից պետք է խուսափել:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի ղեկավար Ջեֆ Ռաթկեն երեկ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին միջադեպին, այսինքն՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խփելուն, ասել է, թե դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է գտնել խնդրի խաղաղ լուծումը:

«Այդ միջադեպը և դրան հաջորդած բռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, և մենք բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը շփման գծում», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուշադրությունը կենտրոնացնել խաղաղ բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վրա: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցուցաբերել»:

Իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը ասել է․ - «Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է, որի կրկնությունից ապագայում պետք է խուսափել: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, վերջնական կարգավորման վրա: Հետագա բռնությունները և լարվածության աճը կխարխլի խաղաղ բանակցությունները և կդժվարեցնի հակամարտության հետևանքով առաջացող հումանիտար խնդիրների լուծումը»:

Խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները վերադարձնելու հատուկ գործողության մասին, որը, ի դեպ, ադրբեջանական կողմը չի հաստատում, Ուորլիքն ասել է, թե իրենք կարդացել են, որ հատուկ գործողություն է իրականացվել ուղղաթիռի օդաչուների աճյունները վերադարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG