Մատչելիության հղումներ

logo-print

«Ներգաղթի վերաբերյալ Օբամայի որոշումը քաղաքական մեծ ռիսկ է պարունակում»


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Փորձագետի կարծիքով, Օբամայի որոշումը հինված է իսպանածին ամերիկացիների պահանջները բավարարելու երկարամյա խոստումների վրա։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի գործադիր որոշումը՝ փաստաթղթեր չունեցող միլիոնավոր ներգաղթյալների պարտադիր արտաքսումը կանխելու վերաբերյալ, քաղաքական մեծ ռիսկ է, որը, սակայն, պարգևատրում է ապօրինի ներգաղթյալներին։

Շատերի կարծիքով, միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումից պաշտպանող ԱՄՆ-ի նախագահի որոշումը բարոյապես ճիշտ որոշում է։

«Ներգաղթի հարցերում մենք պետք է պատճառաբանված, խոհուն և կարեկցող բանավեճ վարենք՝ կենտրոնանալով ոչ թե մեր վախի, այլ մեր հույսերի վրա», - ասել է նախագահը։

Օբամայի հայտարարությունը երջանկության արցունքներ բերեց Սպիտակ տան դրսում հավաքված ներգաղթյալ ամերիկացիների աչքերին։ Սակայն հանրապետականներն այդ որոշումը դիտում են որպես քաղաքական սադրանք։

«Նախագահի այս քայլը երկկուսակցական բարեփոխումների հնարավորության միտումնավոր սաբոտաժ է, որը վնասում է հենց իրեն՝ նախագահին», - ասել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները։

Ներգաղթի բարեփոխումներին ընդդիմացող փորձագետ Մարկ Գրիգորյանը հայտարարել է, թե նախագահի որոշումը խոչընդոտում է ոչ միայն ներգաղթի, այլ նաև բոլոր մյուս հարցերում առաջընթաց կատարելու ջանքերը։

Նախագահ Օբամայի որոշումը հիմնված է իսպանածին ամերիկացիների պահանջները բավարարելու երկարամյա խոստումների վրա։

«Իսպանածին ամերիկացիները նախագահի օգտին են քվեարկել թե՛ 2008 թվականի և թե՛ 2012 թվականի նախագահական ընտրություններում», - ասել է Մաթ Դալեքը Ջորջ Վաշինգտոն համալսարանից։

Նախագահ Օբամայի որոշման քաղաքական ազդեցությունը կարող է մի շարք այլ կարևոր հարցերում Կոնգրեսում լուրջ բաժանումների հանգեցնել։

«Կարծում եմ, որ այդ որոշումը կարող է տարակարծությունները խորացնել՝ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի, ինչպես նաև դեմոկրատների և հանրապետականների միջև՝ մեծացնելով քաղաքական պառակտվածությունը Վաշինգտոնում», - ասել է Մաթ Դալեքը։

Ամերիկյան համալսարանից վերլուծաբան Ջեյմզ Թըրբըրի կարծիքով, նախագահի որոշումը բխում է ոչ միայն ճիշտ քայլի դիմելու, այլ նաև պատմության մեջ ճիշտ քայլի համար հիշվելու ցանկությունից։

Պատմության վճիռը կգա ավելի ուշ։ Իսկ, մինչ այդ, Օբաման պետք է զբաղվի դժգոհ պահպանողականների և Կոնգրեսի զույգ պալատներում հանրապետական վերահսկողության ստեղծած մարտահրավերներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG