Մատչելիության հղումներ

Ռուս գործարարը հայտարարում է, որ Հայաստանում իրեն «քցել են»


Կորուպանովը Երևան է ժամանել հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազություն։

Ինչու՞ Հայաստանում չեն ավելանում օտարերկրյա ներդրումները. 5 միլիոն 200 հազար դոլար ներդրում կատարած Ալեքսեյ Կորեպանովը հարցին սեփական օրինակով է պատասխանում՝ Հայաստանում գործում է օտարերկրացի ներդրողներին «քցելու» ինստիտուտ։

«Մի պահ պատկերացրեք, որ դուք բնակարան եք վաճառում, ես փոխանցում եմ ձեզ գումարը։ Ինչ որ պահի դուք հրաժարվում եք վաճառել ձեր բնակարանը, իսկ իմ փոխանցած գումարը հրաժարվում եք հետ վերադարձնել», - ասում է Կորեպանովը։

Ըստ ռուս ներդրողի, 2005 թվականին նա իր վաղեմի ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանի առաջարկով որոշում է Երևանում էլիտար շենք կառուցել։ Տեր-Հովսեփյանը ռուս գործարարին առաջարկում է Կասկադի հարակից տարածքում հող գնել և դրա համար նրանից խոշոր գումար է վերցնում։ Քանի որ Հայաստանի «Հողային օրենսգիրքը» օտարերկրացիներին արգելում է հողի սեփականություն ունենալ, գնված հողատարածքն, ըստ Կորեպանովի, ընկերը գրանցել է իր մերձավորներից մեկի անունով։ Շինարարության մեկնարկից 2 տարի հետո՝ 2009 թվականին, Կորեպանովն այցելում է Երևան ու պարզում՝ ընկերը կա, շինարարությունն ընթանում է, բայց ինքն այլևս դրա հետ որևէ կապ չունի։

«Ստացվում է այնպես, որ հողը և գումարը, որ մենք ներդրել ենք պատկանում են Վիկտորին, և հիմա նա ո՛չ հողն է ուզում վերադարձնել, ո՛չ էլ գումարը», - պատմում է Կորեպանովը։

Ներդրված գումարը հետ ստանալու պահանջով՝ ռուս գործարարը բազմիցս դիմել է դատարան, գործը հասել է անգամ Վճռաբեկ դատարան, սակայն՝ ապարդյուն։ Խնդրով զբաղվող «Վալես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարիե Պողոսյանը վստահեցնում է՝ դատավորները առաջնորդվել են ոչ թե օրենքով, այլ ծանոթ-բարեկամ սկզբունքով, և մեկը մյուսի հետևից անօրինական վճիռներ են կայացրել։

«Բոլորս էլ այս երկրի քաղաքացիներ ենք և չենք կարող այդ փաստը չտեսնել, որ մեր դատարանները կոռումպացված են։ Երբ իրավական գնահատական ես տալիս բոլոր փաստաթղթերին, տեսնում ես, թե ինչքան կեղծ, շինծու փաստաթղթերի միջոցով է մարդը տիրացել ուրիշի գումարներներին», - ասում է Պողոսյանը։

Գումարը մեծ է, բայց երևույթը եզակի չէ. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այսօրինակ դեպքերի պակասություն Հայաստանը չունի։ Օտարերկրյա ներդրողները շատ դեպքերում հրաժարվում են գործունեություն ծավալել Հայաստանում՝ վախենալով, որ կդառնան խաբեության զոհ։

«Շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց կռիշան իրավապահ մարմիններն են։ Ունենք դեպք, երբ վաշխառուն բացահայտ ասում է, որ ինքը մոտ է դատախազի հետ, երկրի նախագահի հետ, այսինքն` այս մարդկանց հովանավորում են պաշտոնատար անձիք», - ասում է իրավապաշտպանը։

Նախորդ և այս տարվա տվյալներով՝ Հայաստանում ներդրումների ծավալը կրճատվել է 20-30 տոկոսով։

Տնտեսագետ Սամսոն Ավետյանի խոսքով՝ նվազման պատճառները բազմաթիվ են՝ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ, շրջափակում, տնտեսական կայուն զարգացման ցածր ցուցանիշ։ Բացի օբյեկտիվ հանգամանքներից, տնտեսագետը կարծում է, որ կարող են լինել նաև սուբյեկտիվ պատճառներ և չի բացառում, որ այսպիսի դեպքերը կարող են բացասական ազդել Հայաստանի հեղինակության վրա։

Անկախ նրանից, թե գործում, ովքեր են ներքաշված, Կորեպանովը միևնույն է` վճռական է տրամադրված և շարունակում է պնդել՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը խարդախությամբ տիրացել է իր գումարներին։

Կորուպանովը Երևան է ժամանել հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազություն՝ իրեն հասցված 5 միլիոն 200 հազար դոլարը վերադարձնելու պահանջով։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Վիկտոր Տեր-Հովսեփյանը հրաժարվեց արձագանքել իրեն ներկայացված մեղադրանքներին և հորդորեց խնդրի մասին գնահատական կազմել միայն դատարանների որոշումների հիման վրա։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG