Մատչելիության հղումներ

Հայ մարզիկները «մտադիր են» մասնակցել Բաքվի խաղերին, բայց որոշումը վերջնական չէ


Հայ մարզիկներն ամենայն հավանականությամբ կմասնակցեն Բաքվում կայանալիք մարզական խաղերին
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Բաքվից կիրակի օրը վերադարձած Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը հայտարարում է, որ հայ մարզիկները մտադիր են մասնակցել հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին։ Որոշումը, սակայն, վերջնական չէ։

Օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը նշում է, որ մարզիկները պատրաստ են գնալ, իսկ մարզիչները դեռ կասկածում են։

«Էս ամեն ինչը, կարծում եմ, դեռ չի նշանակում, թե արդեն մերոնք կմասնակցեն, որովհետև մեր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սպորտի նախարարության ղեկավարությունը, ազգային ֆեդերացիաները պետք է համատեղ քննարկեն այս հարցը, տան լիովին իրենց համաձայնությունը, նոր վերջնական որոշումը ավելի ուշ կկայացնեն։ Բայց մերոնք միանշանակ համաձայն են թիմեր տանել, տանել միայն առաջատարներին, իսկ մենք առաջատարներ շատ ունենք, որպեսզի Ադրբեջանում բարձրանա հայոց եռագույնը, հնչի մեր հիմնը»,- ասաց Ալեքսանյանը։

ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները անցած օրերին Բաքվում մասնակցում էին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի համաժողովին, որի ընթացքում ադրբեջանական կողմից հավաստիացումներ են ստացել հայ մարզիկների անվտանգությունը ապահովելու մասին։ Կոմիտեի լրատվության պետ Յուրի Ալեքսանյանը, սակայն, նշում է՝մի բան է փոքր նստաշրջանը, մի այլ բան համալիր միջոցառումը, որն անցկացվելու է տարբեր մրցաբազաներում։ Ամենավտանգավորն, ըստ նրա, մարզասերներն են։

«Մերոնք եղել են չէ՞ Ադրբեջանում և աշխարհի ըմբշամարտի առաջնությանը ժամանակ՝ ազատ և հունահռովմեական և բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ վարկանշային էին։ Ասեմ, որ բռնցքամարտի ժամանակ ինչպես մեր մասնագետներն են հայտարարել, մրցավարությունը անկողմնակալ է եղել, իսկ ընդհանրապես եղել է, որ հանդիսատեսը մետաղադրամ է շպրտել»,- ասաց Ալեքսանյանը։

Ադրբեջանական կողմը նշել է, որ այնպես կանի, որ մարզասերներն իրենց խելոք պահեն, բայց թե ինչպես են դա անելու, չի ասել։ Մարզիկներն ամեն դեպքում շատ զգույշ են լինելու՝ անգամ հեռախոսներն են անջատելու, որ իրենց անհանգստացնողներ չլինեն։ Ըստ Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների, այն, որ ծանրամարտը հանվել է Եվրոպական օլիմպիական խաղերի ծրագրից, նույնպես հստակ միտում ունի։

«Ադրբեջանցիները, գնահատելով հայ ծանրորդների հզորությունը, առաջարկել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, որ ծանրամարտը հանեն ծրագրից, փոխարենը սամբոն մտցնեն։ Համաձայնել են։ Տեսեք՝ մեր մեդալների հավակնորդների քանակը մեկ մարզաձևով նվազեց»,- ասաց ՀԱՕԿ-ի ներկայացուցիչը։

Մինչ այժմ բացի Եվրոպայից, բոլոր աշխարհամասերի առաջնություններ անցկացվել են։ Այս խաղերն առաջինն են և դրա ընթացքում կմրցեն 23 մարզաձևերի ներկայացուցիչներ։ Ադրբեջանական կողմը դեռ չի հրապարակում թե միջոցառման վրա որքան գումար է ծախսելու, բայց ըստ բրիտանական Business New Europe պարբերականի այն կկազմի շուրջ 8միլիարդ դոլար։ Բրիտանական մեկ այլ պարբերական՝Independent-ը, անդրադառնալով Եվրոպական մարզական խաղերին նշել է, որ այն միանշանակ չի ընկալվում։ «Անգամ Ադրբեջանում են այն քննադատում, հայտնի իրավապաշտպան, ներկայումս Ալիևի վարչակազմի կողմից ազատազրկված Լեյլա Յունուսը, կոչ է արել բոյկոտել այս խաղերը՝ հաշվի առնելով երկրում վատթարացող իրավիճակը»,- գրել է թերթը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, Բաքուն ամեն ինչ անում է՝ Արևմուտքում օրեցօր վատթարացող վարկանիշը այսպիսի միջոցառումներով բարձրացնելու համար և պատրաստ է հսկայական գումարներ ծախսել դրանց վրա։ Օրինակ, Եվրատեսիլի վրա Բաքուն ծախսել էր մոտ 75 միլիոն դոլար, այս անգամ, ըստ փորձագետների, հատկացումները ավելի շատ կլինեն։

Ըստ միջոցառման գլխավոր գործադիր տնօրեն Սիմոն Քլեգի՝ Եվրոպական մարզական խաղերի ժամանակ աներևակայելի շոու է կազմակերպվելու, այնպիսի շոու, որի հետ համեմատած «Եվրատեսիլը» «կթվա փոքր, տեղական միջոցառում»։

Հայաստանն այս խաղերին մասնակցելու վերջնական որոշումը կհրապարակի տարեսկզբին։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG