Մատչելիության հղումներ

Նախատեսվում է, որ մարտին քաղաքական հայտարարություն կընդունվի, որը կարտահայտի 12 տարվա վիճաբանությունը ավարտելու կողմերի կամքը։

Իրանի միջուկային խնդիրների շուրջ բանակցությունները հետաձգվում են մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը։ Իրանը պաշտոնապես հաստատեց այս լուրը:

Ժամեր առաջ այս մասին հաղորդել է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրները։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ մարտին քաղաքական հայտարարություն կընդունվի, որը կարտահայտի 12 տարվա վիճաբանությունն ավարտելու կողմերի կամքը։

Մեծ Բրիտանիան ևս հայտարարել է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում նախատեսվում է բանակցող կողմերի ընդհանուր հայտարարություն, և որ հիմա բանակցությունները կտարվեն այդ ուղղությամբ։

Անցած շաբաթվանից Վիեննայում ընթացող բանակցությունների համար վերջնաժամկետ էր նշանակվել նոյեմբերի 24-ը, և ակնկալվում էր, որ այսօր ճեղքում կարձանագրվի բանակցային գործընթացում։ Սակայն «Գարդիան» պարբերականը հաղորդեց, որ արևմտյան դիվանագետների վկայությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում բանակցությունները ծանրացել են, և հնարավոր է դրանց լրացուցիչ ժամանակ հատկացվի։

Բանակցություններում ներգրավված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները, ինչպես նաև Գերմանիան և Իրանը։ Վիեննայում բանակցում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության բանագնաց Քեթրին Էշթոնը։ Կեսօրից հետո նրանց հանդիպումը շարունակվել է մեկուկես ժամ։

Արևմուտքի ամենահիմնական մտահոգությունն այն է, որ Իրանը, զարգացնելով իր միջուկային ծրագրերը, կարող է միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքում է նման կասկածները՝ նշելով, որ միջուկային ծրագրերը զարգացնում է խաղաղ նպատակով օգտագործելու համար։

Եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրերից, ապա Արևմուտքը կվերացնի Իրանի նկատմամբ երկար տարիներ կիրառվող պատժամիջոցները։ Նման համաձայնության արդյունքները նշանակալից կլինեն ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Մինչև վերջին պահը Վիեննայի հանդիպումից երկու տարբերակ էր կանխատեսվում. առաջին տարբերակով ենթադրվում էր, որ արտգործնախարարները որևէ շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, ինչը ցույց կտա, որ բանակցություններում իրոք առաջընթաց կա, ինչպես նաև ի հայտ կգան որոշ մանրամասներ, որոնց վրա հետագայում կշարունակվեն բանակցությունները։ Մյուս՝ ավելի համեստ տարբերակով, չէր բացառվում, որ մտադրությունների մասին քաղաքական հայտարարություն կընդունվի՝ տարաձայնությունների հարթեցումը թողնելով հաջորդ բանակցությունների փուլին։

Պահի լրջության նշաններից էր նաև Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի այցը Վիեննա։ Սաուդյան Արաբիան բանակցություններում ընդգրկված չէ, բայց կիրակի օրը Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալը ժամանել էր Վիեննա և Վիեննայի օդանավակայանում հանդիպում էր ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ։

ԱՄՆ-ի սերտ դաշնակից Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Իրանի կոշտ հակառակորդներից է, և շրջադարձային պահերին Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային տեղյակ է պահում բանակցությունների ընթացքից։

Չնայած Վիեննայում սպասվող ակնկալիքներին, կեսօրին մոտ անանուն աղբյուրներն արդեն հաղորդում էին, որ նշանակված վերջնաժամկետը կերկարաձգվի, Վիեննայում ստույգ համաձայնություններ չեն լինի, հնարավոր է մինչև նոր տարի բանակցող կողմերը նորից հանդիպեն։ Այսօրվա ծրագրով, սակայն, հարցը ենթադրվում է լուծել յոթ ամսվա ընթացքում՝ նոր վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 1-ն է։

Երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ Իրանի միջուկային խնդիրները լուծելու համար երկար ժամանակ կպահանջվի, բայց նա նշել էր, որ աշխարհի և Իրանի հարաբերությունները սկսել են փոխվել։

XS
SM
MD
LG