Մատչելիության հղումներ

Բայդենի այցը Թուրքիա որևէ էական արդյունք չի արձանագրում


Բայդենի այցը Թուրքիա որևէ էական արդյունք չի արձանագրում
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Միացյալ Նահանգների ղեկավարությունը բարձր է գնահատում Անկարայի և Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ նոր քարտեզի ձևավորման հարցում: Այս մասին Թուրքիա պաշտոնական այցի ընթացքում անցած շաբաթավերջին հայտարարեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

«Միացյալ Նահանգների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները մի հավակնոտ նախագիծ են սկսում իրագործել, որն անցնելով Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով՝ առաջին անգամ Կասպից ծովում արդյունահանված գազը կտեղափոխի Եվրոպա: Սա մի քայլ է, որ կփոխի խաղի բոլոր կանոնները Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ասպարեզում», - նշում էր Բայդենը:

Միացյալ Նահանգների փոխնախագահի այս հայտարարությունը հնչեց Ատլանտյան խորհրդի` Ստամբուլում կազմակերպած էներգետիկ համաժողովի ընթացքում:

Բայդենի խոսքով՝ առաջիկայում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Թուրքիան առանցքային դերակատարություն է ստանձնելու: «Թուրքիայի համար սա որոշիչ մի պահ է: Թուրքիան արդեն իսկ լրջագույն դերակատարություն ունի որպես նավթի արտահանման կարևորագույն տարանցիկ ուղի: Թուրքիան պատրաստ է կարևորագույն դեր խաղալ նաև գազի տարանցիկ արտահանման հարցում», - ասում էր նա:

Էներգետիկան, սակայն, Բայդենի թուրքական այցի քննարկումների թեմաներից մեկն էր միայն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցությունների ժամանակ կողմերը հատուկ ուշադրություն դարձրեցին «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարի հնարավորությանը:

«Սիրիայի խնդրում մենք խորությամբ քննարկեցինք հարցերի բավական լայն շրջանակ, որին բախվում են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Թուրքիան: Խոսքը ոչ միայն «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությանը» անվտանգ գործունեության հնարավորությունից զրկելու և պարտության մատնելու, այլև սիրիական ընդդիմությանն ուժեղացնելու մասին է: Դա հնարավորություն կտա նաև իշխանությունից զրկել Ասադի վարչակազմին», - հայտարարում էր Բայդենը:

Թուրքական աղբյուրների պնդմամբ, սակայն, Վաշինգտոնն ու Անկարան չեն կարողացել հաղթահարել առկա տարաձայնությունները, որոնցից հիմնականը Ասադի վարչակազմի ճակատագիրն է:

Zaman-ի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը նշել է․ - «Միացյալ Նահանգները որդեգրել է նախևառաջ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ պայքարի և Իրաքում գործողությունների ռազմավարությունը: Թուրքիան պնդում է, որ առաջնահերթություն պետք է դառնա Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելը», - նշել է ամերիկացի դիվանագետը:

Նրա այս խոսքերի ևս մեկ ապացույցը Ահմեթ Դավութօղլուի` Բայդենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունն էր:

«Այն մոտեցումները, որ ունեն Թուրքիան և ԱՄՆ-ը տարածաշրջանային ճգնաժամերի հաղթահարման աոռւմով, խիստ կարևոր են: Նախկինում մենք ակտիվորեն համագործակցել ենք թե՛ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, թե՛ Ասադի վարչակազմի կողմից կատարված հանցագործություններին հակազդման ժամանակ», - նշում էր Դավութօղլուն:

Թուրքական մեկ այլ պարբերականի` Hurriyet-ի պնդմամբ էլ՝ Բայդենի և Էրդողանի բանակցությունները շարունակվել են մոտ չորս ժամ և ավարտվել առանց որևէ էական արդյունքի: Թուրքիան հրաժարվել է դառնալ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի լիարժեք անդամ, նաև, ըստ Hurriyet-ի, հրաժարվել է թույլատրել Ինջիրլիքի ռազմաօդային բազայի օգտագործումը «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Միակ խնդիրը, որի շուրջ Բայդենն ու Էրդողանը կարողացել են համաձայնության գալ, Իրաքն է: «Կողմերը համակարծիք են, որ «Իսլամական պետության» վերելքը սկիզբ առավ Մոսուլի գրավմամբ, ուստի առաջիկայում գործադրվելիք համատեղ ջանքերի թիրախը պետք է դառնա Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրումը», - գրում է թուրքական թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG