Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Փարիզում ներկա է եղել ֆոնեթոնի փակմանը


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014 թվականի դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնեթոն) փակման արարողությանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանը Գալուստ Սահակյանին ներկայացրել է ֆոնեթոնի անցկացման պայմանները և այս տարվա արդյունքները, նշելով, որ չնայած Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝ ֆրանսահայերի շրջանում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկատվում է տարեցտարի աճող հետաքրքրություն: Նշվել է, որ այս տարի Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող ծրագրերին և նախաձեռնություններին:

Միջոցառմանը հայկական պատվիրակության հետ մասնակցել են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը, ֆրանսիացի պատգամավորներ Պատրիկ Դևեջյանը, Ժան-Մարկ Ժերմենը և Ժան-Իվ լը Բուիյոնեկը:

Ֆոնեթոնի փակման արարողությանը ներկա են եղել նաև ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսահայեր:

Աշխատանքային այցի շրջանակներում՝ նոյեմբերի 23-26ը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG