Մատչելիության հղումներ

Բագրատյանը կարծում է՝ Ռուսաստանը կարող է սահմանափակել տրանսֆերտների հոսքը


Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների նկատմամբ, նախազգուշացնում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ազատության» հետ զրույցում Բագրատյանը նշեց՝ տնտեսական դժվարին օրեր ապրող Ռուսաստանը սուր կերպով զգում է արտարժույթի կարիք, և այդ երկրի իշխանությունները կարող են քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ռուսաստանից դոլարի, եվրոյի արտահոսքի կրճատմանը:

«Ռուսաստանի պետությունը կարող է ասել՝ «էդ ինչ տրանսֆերտներ են գնում, մենք էդքան վատ վիճակի մեջ ենք, եկեք վերահսկենք»։ Խոսքը միայն Հայաստան գնացող տրանսֆերտների մասին չէ։ 2-3 միլիարդ տանում է Մոլդովան, 6 միլիարդի տրանսֆերտ գնում է Ուկրաինա, 1.5 միլիարդի տրանսֆերտ գնում է Տաջիկստան, 1 միլիարդ գնում է Ադրբեջան, 600-700 միլիոն գնում է Վրաստան»,- թվարկեց Բագրատյանը.- «Դուք էլ լինեք Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի տեղը, կհավաքեք պատասխանատու մարմիններին, կասեք՝ ինչ առաջարկներ ունեք սա մեղմելու։ Էսօր Ռուսասանը վալյուտայի կարիք ունի։ 10-15 միլիարդ դոլարը քիչ փող չէ Ռուսաստանի համար»։

«Այսինքն կարո՞ղ է արգելել տրանսֆերտների հոսքը»,- «Ազատության» այս դիտարկմանը Բագրատյանը պատասխանեց.- «Ես այդ բառը չասացի, տրանսֆերտները ուղղակի արգելելու ձև չկա, կարող են, օրինակ, հարկել դրանք»։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, այդ երկրից կապիտալի արտահանումը ահագնացել է։ Հոկտեմբերին Ռուսաստանից դուրս է բերվել 28 միլիարդ դոլար, ինչն աննախադեպ է այս տարվա համար: Նախարարության գնահատմամբ, 2014 թվականի ընթացքում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի մոտ 100 միլիարդ դոլար: Այդ երկրի Կենտրոնական բանկը կապիտալի ավելի մեծ արտահոսք է սպասում՝ 128 միլիարդ դոլար:

Հայաստան եկող արտարժույթի մեծ մասը գալիս է հենց մասնավոր տրանսֆերտների տեսքով: Մեր երկրի Կենտրոնական բանկի տվյալներով, օրինակ, 2013թ. ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 1 միլիարդ 869 միլիոն դոլար, որի շուրջ 85 տոկոսը եկել է Ռուսաստանից: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Հայաստանից ողջ արտահանումը կազմել է 1 միլիարդ 480 միլիոն դոլար (ըստ ԱՎԾ տվյալների):

«Մի բան պարզ է՝ այս պահին Արևմուտքը վճռական է Ռուսաստանի նկատմամբ կիրառել ուղղակի պատժամիջոցներ և անուղղակի պատժամիջոցներ, օրինակ, նավթի գների անկման տեսքով»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ կանի, եթե իր հաշվարկները կառուցի հոռետեսական սցենարի հիման վրա.- «Ես հաշվարկներս կանեի, որ տնտեսության վերարտադրության պայմանները, այնուամենայնիվ, վատանալու են»։

Օրեր առաջ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ գալիք տարի Ռուսաստանը կունենա 0 տոկոս աճ, այսինքն տնտեսական աճ ընդհանրապես չի լինի: Ավելին՝ եթե նավթի գները շարունակեն իջնել, և սև ոսկու մեկ բարելի գինը հասնի 60 դոլարի, 2015-ին Ռուսաստանին սպասվում է 3.5-4 տոկոս տնտեսական անկում:

«Ես մարգարե չեմ, չեմ կարող ասել՝ նավթի գները ինչքան կարող են էժանանալ։ Եթե միայն Միացյալ Նահանգների կամքը լիներ, նավթը կարող է էժանանալ անվերջ, որովհետև ԱՄՆ-ի թերթաքարային գազի պաշարները 45 տրիլիոն են, դա բավական է նույնիսկ Ռուսաստանի նման երկրին ծնկի բերելու համար։ Բայց կա երկրորդ խաղացողը, դա Սաուդյան Արաբիան է, որը մինչև հիմա օգնում էր այդ քաղաքականությանը։ Ինչպես իրեն կպահի հետագայում, ես չեմ կարող ասել։ Այսինքն եթե իսկապես իջեցնեն մինչև 60 դոլար, մենք պիտի հասկանանք, որ մեր գլխավոր գործընկերներից մեկը՝ Ռուսաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ։ Այն կամ այն չափով կփոխանցվի Հայաստանին, և Հայաստանն էլ մասամբ կամ լրիվ կհայտնվի ճգնաժամի մեջ»։

Այս ամենի ֆոնին Բագրատյանին մշուշոտ է թվում Եվրասիական տնտեսական միության ապագան.- «Առանց Ուկրաինայի ԵՏՄ-ն կիսատ միություն է, որովհետև բնական ռուսական տնտեսական կայսերապաշտության շրջանակներում պետք է լինի մեկը, որը հումք է տալիս, պետք է լինի մեկը, որը աշխատուժ է տալիս ընդհանուր տնտեսական կայսերական տարածքին, կայսերական բառի մեջ մտցնում եմ նաև մեզ։ Եվ պետք է մեկը, որը սննդամթերք է տալիս։ Եվ անհնար է պատկերացնել ԵՏՄ-ն առանց Ուկրինայի... ո՞վ ո՞ւմ հետ պիտի առևտուր անի և ի՞նչ առևտուր պիտի անի։ Հասկանալի է՝ Հայաստանը հումքը կգնի Ռուսաստանից, Բելառուսը հումքը կգնի Ռուսաստանից, բայց Ռուսաստանը ո՞ւմից ինչ պիտի գնի։ Վաճառեց Ռուսաստանը հումքը, ի՞նչ գնի, ի՞նչ անի այդ փողը։ Եթե չկա Ուկրաինան, չկա այդ բնական տարածքը»։

XS
SM
MD
LG