Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգիստը


Ադրբեջանի կողմից խփված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ (ձախից՝ աջ) մայոր Սերգեյ Սահակյան, լեյտենանտ Ազատ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան

Ադրբեջանի կողմից խփված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ (ձախից՝ աջ) մայոր Սերգեյ Սահակյան, լեյտենանտ Ազատ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան

Վաղը զոհված օդաչուների աճյունները կամփոփվեն «Եռաբլուր» պանթեոնում։

Այսօր ժամը 17-20-ը Երևանում, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վաղը ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, ծնվել է Երևանում: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: Ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր:

Մյուս երկու օդաչուներն ամուսնացած չէին։

Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր, ծնվել է Երևանում։

Լեյտենանտ Ազատ Սահակյանը 22 տարեկան էր, ծնվել է Երևանում, բնակվել՝ Չարենցավանում, ընտանիքի միակ արու զավակն էր:

Երեք օդաչուներն էլ ավարտել են Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում:

Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր, իսկ հակառակորդը, հայկական կողմի վկայությամբ, շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, ինչի հետևանքով խոցված ուղղաթիռին մոտենալ չէր հաջողվում։ Ադրբեջանական կողմը չանսաց նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև տարբեր պետությունների հորդորներին՝ հայկական կողմին թույլ տալ ուղղաթիռի անկման վայրից տարհանել անձնակազմի անդամների աճյունները:

Ի վերջո, միջադեպից գրեթե տասն օր անց՝ նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, իրականացնելով հատուկ նշանակության գործողություն, տարհանեց ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի դին, երկու օդաչուների մասունքները և, ինչպես Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում էր նշված, ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Նույն օրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին Արիության մեդալով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG