Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը «մտադիր չէ» մինչև կյանքի վերջ նախագահ լինել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս ՏԱՍՍ-ին, 23-ը նոյեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս ՏԱՍՍ-ին, 23-ը նոյեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահը վստահեցնում է, թե իր երկրում չկա օլիգարխիա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը երկիրը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի, հայտարարել է, որ մինչև կյանքի վերջ նախագահ լինելու մտադրություն չունի:

«Դա ճիշտ չէ երկրի համար, դա վնասակար է, դա մի բան է, որի կարիքը չունեմ», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ունի 2018 թվականին ևս մեկ անգամ առաջադրվելու սահմանադրական իրավունք, սակայն դեռ չի որոշել՝ արդյոք կօգտագործի՞ այդ իրավունքը:

Խոսելով Արևմուտքի հետ վատթարացած հարաբերությունների մասին՝ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա տեսնել մի նոր «երկաթե վարագույր»:

Նա պնդել է, թե Ռուսաստանը չի մեկուսացվել ու չի մեկուսացվի, իսկ արևմտյան պատժամիջոցները և նավթի գնի անկումը ռուսական տնտեսությանը ինչ-որ աղետալի հետևանքներ չեն բերի:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է նաև, որ այսպես կոչված Պուտինի ընկերների դեմ ուղղված պատժամիջոցներն իր վրա որևէ ձևով չեն անդրադարձել, քանի որ ինքը չունի անձնական բիզնես հետաքրքրություններ, ինչպես համարում են Արևմուտքում:

Ընդհանրապես, Վլադիմիր Պուտինն ասում է, որ այսօր Ռուսաստանում չկա օլիգարխիա: «Ինչ է օլիգարխիան՝ երբ բիզնեսը, փողը կամ ինչ-որ բիզնես կառույց կարող են ազդեցություն ունենալ պետական կառույցների, պետության որոշումների վրա․ չկա՛ նման բան այսօր Ռուսաստանում՝ կարող եմ վստահաբար ասել», - հավաստիացրել է նա:

Դիտարկմանը, թե իր մասին ասում են, որ ընկերներին չի դավաճանում, Ռուսաստանի նախագահն արձագանքել է․ - «Այո, փորձում եմ, իհարկե՝ եթե այդ մերոնք օրենքները չեն խախտում, որովհետև եթե սկսում են խախտել, արդեն մերոնք չեն»:

Վլադիմիր Պուտինը նաև վստահեցրել է, որ առողջ է և առողջության հետ կապված որևէ խնդիր չունի, նախկինի պես ակտիվ սպորտով է զբաղվում:

XS
SM
MD
LG