Մատչելիության հղումներ

Օհանյան. Հայկական կողմը հմուտ է գործել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է հայկական զինուժի կողմից ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։

Հայկական կողմը կուժեղացնի հսկողությունը առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։

«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», - ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը։

Ավելի վաղ Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անկման վայրից դուրս բերված ուղղաթիռի բեկորները կարևոր են «հետագայում ճիշտ հետաքննություն անցկացնելու համար»։

ԼՂ Պաշտպանության բանակի պաշտոնական տեսագրության մեջ նախարար Մովսես Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել հատուկ գործողություններից. - «Ադրբեջանը բոլոր այդ կազմակերպություններին մերժել է, նաև չի թույլատրել այնտեղ իրականացնել դիտարկումներ, ընդհակառակը, անընդհատ փորձել է կրակի տակ պահել այդ հատվածը, և ինչու չէ, քանի որ ուղղաթիռը շատ մոտ է եղել իրենց դիրքերին, նաև՝ տարհանել դիակները: Այս բոլոր միջոցառումները, որոնք արդյունք չեն տվել, մենք պարտադրված ենք եղել դիմել հատուկ գործողությունների, և Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները դա իրականացրել են»:

Նախարար Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անձնակազմի աճյունները փոխանցվել են հարազատներին։

22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրն արդեն ճանաչել է որդու մարմինը՝ «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել էր վերջինիս զարմիկը` Էդգար Հայրապետյանը։

ՊԲ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը երեկվա գործողություններից կորուստներ չի տվել, իսկ ադրբեջանական կողմից զոհվել է երկու զինծառայող։

Մեկնաբանելով հայկական բանակի գործողությունները՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ այսուհետ էլ հայկական կողմը ցանկացած սադրանքի դեպքում պատասխան է տալու հակառակորդին՝ նվազագույնը կիրառելով համաչափ պատիժ։

«Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել», - ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ «հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»։

«Իհարկե ցավալի երևույթ էր, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին, որը ուղղված պետք է լինի զոհված օդաչուների զինծառայողներին, նաև մենք պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը պատվով կատարել են», - ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կատարվածը որակել է որպես «համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն»:

«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին, կատարողականությունը ուղղակի փայլուն է՝ հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։

ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը «Ազատությանը» փոխանցել է, որ այս պահի դրությամբ իրավիճակը շփման գծում վերահսկելի է: Նա, սակայն, խուսափել է հստակեցնել, թե արդյոք միջադեպի վայրից դուրս բերված «անհրաժեշտ մասերի թվում է նաև ուղղաթիռի սև արկղը»:

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր զոհված անձնակազմի անդամներին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

Անցած մեկ շաբաթվա ընթացքում անձնակազմի դուրս բերման պահանջով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը այս լուրերից հետո դադարեցրել է ծայրահեղ այդ քայլը:

«Դավիթ Սանասարյանին չգովաբանեք, չհերոսացնեք, հերոսները ընկած են, կամ իրենց գործողության արդյունքում տղաները հետ բերվեցին», - ասաց Սանասարյանը:

Հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորության հետ կապված մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

XS
SM
MD
LG