Մատչելիության հղումներ

Գյումրեցի 200-ից ավելի անօթևան ընտանիքների բնակարանների գնման արտոնագրեր կտրամադրվեն


Անօթևանների հերթացուցակում պաշտոնապես գրանցված մոտ 1000 ընտանիքի պետությունը տարբեր պատճառներով մերժել է այս ծրագրի շահառու ճանաչել:

Գյումրեցի 444 անօթևան ընտանիքներից 214-ը կարող են դիմել Շիրակի մարզպետարան՝ բնակարանների գնման վկայագիր ստանալու համար:

Կառավարության որոշմամբ բնակարաններ կառուցելու փոխարեն 1.5 միլիարդ դրամ է հատկացվել՝ անօթևաններին բնակարաններ գնելու և տրամադրելու համար: Սա ծրագրի առաջին փուլն է: Մյուս ընտանիքներին բնակարաններ կհատկացվեն հաջորդ տարի:

«Գումարի չափը մեկ քառակուսի մետրի համար 109 հազար 300 դրամ է, մեկ սենյակի համար հաշվարկային թիվը 45 քառակուսի է, 2-ի համար՝ 55, 3-ի համար՝ 65 քառակուսի, 4 սենյակի համար 75 քառակուսի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

26 տարի բնակարանի սպասած ընտանիքը վկայագիրը վերցնելու է և 6 ամսվա ընթացքում փորձելու է բնակարան գնել:

3 անգամ վկայագիր ստացած ու այդպես էլ բնակարան չգնած Ֆրիդա Համեխյանն ասում է, որ այս անգամ էլ է քիչ հավանականությունը, որ կկարողանան բնակարան գնել:

«3 սենյականոց եմ կորցրել, 7 միլիոն 100 հազար դրամ արժի, հիմա թե դա կբավականացնի, չի բավականացի, չգիտեմ, էդքանով կարո՞ղ ենք առնել», - ասաց Համեխյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել անօթևաններին խնդիրը՝ վերջնաժամկետ սահմանելով 2013 թվականը:

Գյումրեցի Հայկ Բարսեղյանը դեկտեմբերի 7-ը ամոթի օր է հայտարարում: Ֆեյսբուքում խումբ է բացել, որտեղ տեղադրել է տնակներում ապրող ընտանիքների ապրելակերպը պատկերող լուսանկարներ:

«4 հազար ընտանիք դուրսը դոմիկներում հազիվ ապրում են, իսկականից ամոթ է, երբ որ մենք գիտենք, որ պետության մեջ լիքը փող կա, որ անտեղի է ծախսվում», - ասաց Հայկ Բարսեղյանը՝ հավելելով, որ դեկտեմբերին դրամահավաք են կազմակերպելու ընտանիքներին օգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG