Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման ներկայացրեց ներգաղթի օրենքներում փոփոխությունների մասին իր հրամանագիրը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

Այս փոփոխությունների արդյունքում ԱՄՆ-ում անօրինական եղանակով բնակություն հաստատած միլիոնավոր մարդիկ կարող են ստանալ կեցության իրավունք։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան հայտարարությունների սրահից հինգշաբթի երեկոյան դիմեց երկրի ժողովրդին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի ներգաղթի համակարգը անկատար է։

«Եվ դա այդպես է եղել տասնամյակներ շարունակ։ Իսկ մենք այդ ուղղությամբ շատ քիչ բան ենք արել»,- ասաց նա։

Նրա խոսքերով, նախագահական իր հրամանագիրը թույլ կտա անօրինական փախստականներին դուրս գալ ստվերից։ Նրա այս հրամանի համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի այստեղ բնակվող անձինք կազատվեն վտարման վտանգից ու կստանան այստեղ աշխատելու իրավունք։ Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր այստեղ են ավելի քան 5 տարի, չունեն քրեական անցյալ և ունեն երեխաներ, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում։

Օբաման ասում է, թե այս օրենքը չի կիրառվելու անօրինական եղանակով հետագայում ԱՄՆ մուտք գործող անձանց նկատմամբ։ Օրենքը չի նախատեսում քաղաքացիություն, չի թույլատրում այստեղ մնալ մշտապես ու չի նախատեսում քաղաքացիներին հավասար արտոնություններ։

Օբամայի ծրագիրն ընդլայնում է «Երեխաների հետ ժամանումների հետաձգումների գործառույթը», որի համաձայն, նրանց արտաքսումը հետաձգվում է երեք տարով, եթե այստեղ են ժամանել մինչև 2010 թվականը, և ում երեխաները սովորում են կամ սովորել են դպրոցներում՝ անկախ նրանց ներկա տարիքից։

Ըստ հաշվարկների՝ ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի գտնվող 11 միլիոն փախստականներից 5 միլիոնը կօգտվի այս նոր օրենքից։

Օբամայի ծրագրին կտրուկ դեմ են հանրապետականները, ովքեր ասում են, թե նախագահը չուներ միանձնյա կերպով նման որոշում կայացնելու իրավունք։ Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջոն Բեյները հիշեցնում է նախագահի այն խոսքերը, որ ինքը թագավոր չէ կամ կայսր։

«Սակայն այսօր նա վարվում է միապետի նման»,- ասում է Բեյները։

Սենատում հանրապետականների ղեկավար Միթչ ՄըքՔոնելը համոզված է, որ երբ նոր Կոնգրեսը սկսի աշխատանքը, որտեղ երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմելու հանրապետականները, իրենք ամեն ինչ կանեն օրենքը կասեցնելու համար։

Սակայն Կոնգրեսի հարցերով փորձագետ Թոմաս Մանը չի կարծում, որ հանրապետականներն առայժմ մեծ հնարավորություններ ունեն։ Նրա խոսքերով, միակ հնարավորությունը հանրապետականները կունենան, երբ երկու տարի հետո հաղթեն նաև նախագահական ընտրություններում։

Ամերիկայի բնակչության մեծամասնությունը չի կարծում, որ երկրի օրենքներում, մասնավորապես, ներգաղթի մասին օրենքներում փոփոխություններ իրականացնելու ճիշտ ուղին նախագահական հրամանագրերն են։ Ամերիկացիների 48 տոկոսը դեմ է նման հրահանգներին, կողմ է 38, վստահ չէ 14 տոկոսը։

Օբամայի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու եկող տարվա սկզբից և անցնելու է դժվար մի ուղի, դժվար ոչ միայն օրենքները մշակողների, այլ նաև նրանց համար, ում վրա պիտի տարածվի կամ չտարածվի այս օրենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG