Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին զոհվածների գործերը առանձին վարույթներով կքննվեն


2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների գործը կքննվի առանձին վարույթներով նոր դատախազների և քննիչների կողմից, զոհվածների հարազատներին այսօր փոխանցել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով այսօր անձամբ է հանդիպել նրանցից մի քանիսի հետ։

Մոտ մեկ ու կես ժամ տևած քննարկումից հետո զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը և որոշ մանրամասներ ներկայացրեց։

«Ամեն մի զոհի համար հատկացվելու է մի դատախազ, մի քննիչ։ Բոլորը մի հոգու վրա չեն բարդի, որ սայլը տեղից չշարժվի»,- ասաց Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցած Հովհաննես Հովհաննիսյանի կինը չցանկացավ խոսել Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից, միայն նշեց որ որևէ նոր բան իրենց համար տեղի չի ունեցել և դրական տեղաշարժի առումով մեծ ակնկալիքներ չունեն։

Տիկին Լիլիան նաև հավելեց, որ այսօր գլխավոր դատախազը իրենց ներկայացրել է մի քարտեզ, որի վրա նշված են եղել սպանության կոնկրետ վայրերը։ Գևորգ Կոստանյանը այս կերպ փորձել է ներկայացնել, որ գործում առաջխաղացում կա, սակայն զոհվածի կինը նշեց որ գլխավոր դատախազի ներկայացրածն իրենց համար ամենևին էլ նորություն չէր։ Նույն բանն ասաց նաև զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։

«Օդի մեջ խոսակցություն է, վեց տարի է՝ էս է մեր վիճակը»,- ասաց նա։

Հանդիպմանը մասնակցած հինգ հարազատներից մյուս երկուսի հետ զրուցել չհաջողվեց։ Էդիկ Հարությունյանը, սակայն, ասաց, որ բոլորն էլ առանձնակի ոգևորությամբ չեն ընդունել գործում նոր անհատական դատախազների և քննիչների ներգրավվելու փաստը։

«Նենց առանձնապես բան տեղի չի ունեցել, ուղղակի ուզում են ասել, որ գործն ուզում են սկսել»,- ասաց Հարությունյանը։

Այդուամենայնիվ, նախկին և ներկա դատախազների գործելաոճի մեջ տարբերություն հարազատները տեսնում են.- «Նախկինը ամեն ինչ կոծկում էր, ծածկում էր, ձևացնում էր»։

Նախկին գլխավոր դատախազ, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով բացահայտումներն իրականացված են։ Այս հայտարարությունը բարկացրել էր զոհվածների հարազատներին։

Այնուհետև նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը հակադարձել էր Աղվան Հովսեփյանի այդ հայտարարությանը՝ ասելով.- «Քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր սկզբունքը գործի արդյունավետ քննությունն է, ընդ որում, դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է»։

Առաջիկա օրերին, ինչպես Գևորգ Կոստանյանն է զոհվածների հարազատներին փոխանցել, նրանք կրկին կհրավիրվեն Գլխավոր դատախազություն, և յուրաքանչյուրը կծանոթանա իր հարազատի վարույթով դատախազի ու քննիչի հետ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG